
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կիսվել է մտորումներով, թե ինչու է երկրի ղեկավարը քայքայում պետականության հիմքերը։ «Միայն երեք տարբերակ է ի հայտ գալիս», - ասել է նա՝ դեկտեմբերի 6–ին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Առաջինը, եթե երկրի առաջնորդը գործակալ է, երկրորդ տարբերակը՝ եթե երկրի առաջնորդը տգետ է և մեծամիտ, և երրորդ տարբերակը՝ անում է մտածված և միտումնավոր, - նշել է նա՝ ընդգծելով շարժառիթներ փնտրելու կարեւորությունը։
Քոչարյանի ասելով՝ նրա գործակալ լինելը ամբողջությամբ բացատրում է, թե ինչի համար է սա արվում։ «Եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այն քայլերը, որոնք այսօր արվում են», - ընդգծել է նախկին նախագահը, հավելելով, որ, ինքը, սակայն, փաստեր չունի, եւ դա, իհարկե, ենթադրություն է։ «Թեկուզ վերջերս հենց Փաշինյանի կողմից նշանակված նախարարը հայտարարեց, որ ինքը փաստեր ունի և շուտով կհրապարակի։ Նա պաշտպանության նախարար աշխատած անձնավորություն է», - ասել է նա։
Բացի այդ, ինչպես շարունակել է Քոչարյանը, այնպես է ստացվել, օրինակ, որ «երկրի առաջնորդը տգետ է և մեծամիտ»։ Նրա կարծիքով, այդ հանգամանքը բացատրում է այն քայլերը, որոնք Նիկոլ Փաշինյանը արել է 2018 թվիից մինչև 2020 թվականի պատերազմում պարտություն։ «Դա բացատրվում է տգիտությամբ և մեծամտությամբ, բայց չի բացատրում այն, ինչ կատարվեց դրանից հետո», - նշել է նա։
«Եվ երրորդ տարբերակը՝ արվում է միտումնավոր և պլանավորված։ Լինում են դեպքեր, երբ երկրի առաջնորդի անձնական շահերը չեն համընկնում կամ հակադրվում են երկրի իրական շահերին։ Պատմությունը գիտի նման դեպքեր», - հայտարարել է Քոչարյանը։
Նրա ասելով՝ մի քանի օրինակներ ակնհայտ ցույց են տալիս, որ երկրի առաջնորդը պատրաստ է, հակադրվելով երկրի շահերին, առաջ մղել իր անձնական շահերը։ Մասնավորապես, այն, որ 44 օրյա պատերազմի ժամանակ հոկտեմբերին առաջարկ է եղել կանգնեցնել պատերազմը, ինչը մերժվել է վարչապետի կողմից, որ իրեն դավաճան չասեն։ Երկրորդ․ հանուն երկրի շահերի՝ պատերազմում պարտված առաջնորդը պետք է հրաժարական տար ՝ հնարավորություն տալով նոր բանակցողին լուծել ստեղծված խնդիրները։
«Չի արել, արդյունքում՝ հանձնվեց Գորիս–Կապան ճանապարհը, Շուրնուխի կեսը և այլն։ Այս շարքը ես կարող եմ շարունակել, օրինակ երբ Պրահայում Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում։ Սա, իհարկե, չէր բխում Հայաստանի շահերից»,– ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։