


Արմինֆո. Այլևս կասկած չկա, որ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հատել է բարոյականության, ազգային արժանապատվության և պետականության բոլոր կարմիր գծերը և մարդկային տարրական սկզբունքները։ Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավը հասել է իր գագաթնակետին՝ վերածվելով բացահայտ թշնամանքի։ Այդ մասին ասվում է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդի հայտարարությունում։
«Օդում կախված տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում մշակվում է հերթական ստոր դավադրությունը։ Մտավախություն կա, որ Մարսելից հովվապետական այցից վերադարձող Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին փորձելու են կալանավորել կամ մեկուսացնել հենց օդանավակայանում։
Նպատակը մեկն է՝ ամեն գնով խափանել դեկտեմբերի 10-12-ը կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը, որտեղ քննարկվելու են ազգի համար ճակատագրական հարցեր։ Սա ուղիղ հարված է մեր հոգևոր անվտանգությանը և ազգային միասնության և անսասանության վերջին ամրոցին։
Ժամանակն է սթափվելու և տեր կանգնելու մեր Սրբություններին։ Հայոց Հայրապետի թիկունքին պետք է կանգնած լինի ողջ հավատացյալ ժողովուրդը և ազգային ուժերը:
Հավաքվում ենք այսօր՝ ժամը 20։00-ին «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի դիմաց: Կոչ ենք անում բոլոր արժանապատիվ հայորդիներին, մտավորականներին, հասարակական գործիչներին և մտահոգ քաղաքացիներին՝ գալ և դիմավորել Վեհափառ Հայրապետին։ Մենք պետք է ի ցույց դնենք մեր միասնականությունը և թույլ չտանք, որ պիղծ ձեռքերը դիպչեն Հայոց Վեհափառին։
Եկե՛ք և ձեր ներկայությամբ փաստե՛ք, որ Հայ Եկեղեցին անառիկ է, իսկ նրա դեմ ոտնձգություն անողները պատասխան են տալու պատմության և ժողովրդի առջև։ Աստված պահապան Հայոց Եկեղեցուն և մեր Ազգին», - ասվում է հայտարարությունում։



