
Արմինֆո.Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանի կողմից Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքները վարույթ են ընդունվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Դատարանը բողոքների քննությունն իրականացնելու է գրավոր ընթացակարգով, չնայած մենք միջնորդել էինք այն իրականացնել բանավոր կարգով: Դատական ակտի կայացման օր է սահմանվել 2025 թվականի դեկտեմեբերի 11-ը: Ի դեպ գրավոր դիրքորոշումներ, բացատրություններ ներկայացնելու օր է սահմանվել մինչև դեկտեմեբերի 10-ը ներառյալ:
Դեկտեմբերի 10-ին աշխարհում`նշվում է Մարդու իրավունքների օրը, որի խորհուրդը՝ 1948 թվականին նույն օրը ՄԱԿ-ի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումն է: Վստահ եմ 1948 թվականին, երբ ընդունվում էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ոչ մեկի մտքով չէր անցնելու, որ դրա 9-րդ հոդվածով սահմանված կամայական կալանքի արգելքը նման կերպ անտեսվելու է, հերքվելու է, նսեմացվելու է 2025 թվականին՝ Հայաստանում: Պարզապես Մայր Աթոռը պաշտպանող հայտարարությունը հանգեցրել է Սամվել Կարապետյանի հինգ ամսից ավելի տևող ապօրինի կալանքի, քաղաքական հետապնդման և փաստացի պատանդի կարգավիճակին: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին», - գրել է Վարդեւանյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Կարապետյանի կալանքը: Գործարարը ձերբակալվել էր հունիսի 18-ին իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, իսկ ավելի ուշ դատարանը նրան երկու ամսով կալանավորել էր սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու մեղադրանքով՝ Հայ Առաքելական Եկեղեցուն սատարելու պատճառով: Հատկանշական է, որ Կարապետյանի ձերբակալությանը նախորդել էին նրա հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից գրառումները, որոնք իրավաբանները գնահատում են որպես հետաքննությանն ու իրավապահ գործունեությանը ուղղակի միջամտելու փորձ: Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները Կարապետյանների ընտանիքից, փաստացի, խլել են "Հայաստանի էկլեկտիկ ցանցեր" ընկերության կառավարման գործառույթները՝ կառավարիչ նշանակելով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանին։