


Արմինֆո.Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է դեկտեմբերի 4-ին մտացածին ու անհիմն մեղադրանքներով Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալումը և նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը։ Այդ մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարությունում։
«Սույն գործողությունն արտահայտությունն է Եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների և շարունակությունը հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի: Բարձրաստիճան հոգևորականներին շինծու մեղադրանքներով կալանավորելը իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսևորումն է։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները և վերականգնել նրանց խախտված իրավունքները», - ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով ձերբակալվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Այսօր առավոտյան դատարանի որոշմամբ նա կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ Արշակ արքեպիսկոպոսի փաստաբան Արսեն Բաբայանի խոսքով՝ իր պաշտպանյալը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2018 թվականին, իբր, վարկաբեկելու նպատակով, իր ծառայողին հրահանգել է Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակի մեջ թմրանյութ դնել: Փաստաբանն անհեթեթ է համարել այդ մեղադրանքը, ընդգծելով, որ քննությունը Արշակ արքեպիսկոպոսին նման մեղադրանք առաջադրելով ՝ փորձում է վարկաբեկել նրան հանրության աչքին:



