


Արմինֆո. Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիեննայում ընթացող Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախարարների խորհրդի 32-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ:
Ինչպես հաղորդում է APA-ն, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության օրակարգի ներկայիս վիճակն ու զարգացման հեռանկարները: Գոհունակությամբ նշվել է վերջին շրջանում բարձր մակարդակի շփումների աճող դինամիկան, ընդգծվել դրա շարունակականության և արդյունավետության պահպանման կարևորությունը:
Ընդգծվել է համագործակցության առկա մեխանիզմների շրջանակներում ջանքերի և երկխոսության ակտիվացման կարևորությունը:
Քննարկվել են էներգետիկ անվտանգության, տրանսպորտի և հաղորդակցության, առևտրատնտեսական փոխգործակցության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված միջոցառումները:
Կարևորվել են առկա երթուղիներով ենթակառուցվածքային հնարավորությունների ընդլայնման և նոր երթուղիների ստեղծման ուղղությամբ քայլերը ՝ տարածաշրջանի տրանսպորտային-հաղորդակցական ներուժի ավելացման և դիվերսիֆիկացման նպատակով:
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, Հարավային Կովկասում հետկոնֆլիկտային իրողությունները, տեւական խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված Ադրբեջանի գործողությունները, ինչպես նաև վերջին իրադարձություններն ու երկրի սպասումները նՆրա խաղաղ օրակարգի շրջանակներում:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային այլ հարցեր:



