


Արմինֆո.Նոյեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է Գլինկայի անվան Վոկալիստների XXVII միջազգային մրցույթի դափնեկիրների համերգը՝ հռչակավոր սոպրանո Ալբինա Շագիմուրատովայի գլխավորությամբ։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հաղորդագրության համաձայն, մրցույթի դափնեկիրներն ու Շագիմուրատովան հանդիսատեսին ներկայացրել են ռուսական և եվրոպական օպերաներից հայտնի արիաներ ու զուգերգեր։ Հայաստանը դարձել է նրանց աննախադեպ միջազգային շրջագայության կարևոր կանգառներից մեկը։
Շագիմուրատովան նշել է, որ հատկապես ուրախ է ելույթ ունենալ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի համերգաշրջանում. «Նվագախումբը նաև կատարեց Խաչատրյանի և Միրզոյանի ստեղծագործությունները: Ես ուղղակի զմայլվեցի այդ երաժշտությամբ, որքան նուրբ և խորապես հուզիչ է այն: Նվագախումբը շատ նրբացգաց էր և շատ զգայուն կերպով նվագակցում էր ինձ և իմ գործընկերներին: Սա, իհարկե, Էդուարդ Թոփչյանի մեծ վաստակն է: Երևանյան համերգն արդեն մեր երկրորդ հանդիպումն էր այս նուրբ, զգայուն և ուշադիր դիրիժորի հետ, նման երաժիշտի հաճախ չես հանդիպի: Ուրախ եմ մեր համագործակցության համար, մաղթում եմ և՛ մաեստրոյին, և՛ նվագախմբին շարունակական հաջողություններ»:
Համերգին մասնակցել են նաև Իվան Բորոդուլինը, Իոսիֆ Նիկիտենկոն, Միրոսլավ Մոլչանովը, Դանիլ Սախարովը և Դարյա Գորոժանկոն։



