
Արմինֆո. Եվրամիությունը Հայաստանին 5 մլն եվրո կտրամադրի 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ապատեղեկատվության դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի ավարտին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում 2026 թվականի ընտրությունները շատ կարևոր կլինեն տարածաշրջանային կայունության և բարեփոխումների իրականացման համար: "Հայաստանը կարող է ապավինել մեր աջակցությանը ։ Ժողովրդավարությունը միշտ վտանգված է, և մենք պետք է աջակցենք լրատվամիջոցներին՝ ճնշումները կանխելու համար: Սա շատ կարևոր է, սա նոր ուղղություն է, և մենք աջակցում ենք 5 միլիոն եվրոյի ֆինանսավորմանը, այդ թվում ՝ Հայաստանի ընտրություններին ընդառաջ, որպեսզի ապահովենք ապատեղեկատվության դեմ պայքարը", - ասել է նա։
Այդ առումով նա տեղեկացրել է, որ 2026 թվականի մարտին միգրացիայի և անվտանգության հարցերով եվրահանձնակատարը կայցելի Հայաստան, որտեղ տեղի կունենան կարևոր հանդիպումներ։
Խոսելով Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի մասին՝ նա նշել է, որ գործընկերությունը շարունակում է ամրապնդվել: "Մենք շատ ընդհանրություններ ունենք, և շատ անելիքներ ունենք կառավարելիությունը, ժողովրդավարությունը և խաղաղությունը պահպանելու համար։ Այսօր մենք ընդունել ենք նոր ռազմավարական օրակարգ, որն արտացոլում է մեր հարաբերությունների այդ առանձնահատուկ պահը: Մենք նաև միասին աշխատում ենք Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ։ Մենք անցյալ ամիս ներկայացրել ենք վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը", - ասել է նա։
Ընդ որում, Կոսն ընդգծել է, որ ԵՄ-ը կայունության ամրապնդման աշխատանքներում հատուկ ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղից փախստականների հարցերին, վիզաների ազատականացմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը:
"Միևնույն ժամանակ, մենք զարգացնում ենք տրանսպորտային, թվային և էներգետիկ կապերը։ Մենք քննարկում ենք, թե ինչպես կարող ենք ամրապնդել առեւտրային կապերը Կենտրոնական Ասիայի հետ, եւ Հայաստանը կենտրոնական դեր է խաղում տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգում", - շարունակել է ԵՄ պաշտոնյան։
Նա համոզմունք է հայտնել, որ Վաշինգտոնի պատմական համաձայնագիրը խաղաղություն է բերել և կողմերի համար ավելի սերտ համագործակցություն ապահովել: "Այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան և թվային տեխնոլոգիաները, զարգացումը շատ կարևոր է տնտեսական կայունության ապահովման համար։ Դա շատ կարևոր է Հայաստանի և Եվրոպայի համար: ԵՄ-ը պատրաստ է օգնել իրականացնելու խաղաղության համաձայնագիրը և Հայաստանի "Խաղաղության խաչմերուկ" ծրագիրը", - եզրափակել է Կոս-ը: