


Արմինֆո."Ուղղակի չեմ ցանկացել առաջադրվել",- դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր, Հայաստանի վարչապետի աներձագ Հրաչյա Հակոբյանը՝ մեկնաբանելով 2026 թվականի ընտրություններում կառավարող կուսակցության ցուցակով իր չառաջադրվելը։
Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր որոշմանը շատ նորմալ է արձագանքել։ «Ոչ մի պատճառ չկա, ես, պարզապես, ընդմիջում կվերցնեմ ակտիվ քաղաքականությունից: Ես քաղաքականությունից չեմ հեռանում, լինելու եմ կուսակցության անդամ։ Մասնակցելու եմ կուսակցության նիստերին, ոչ այնքան ակտիվ, բայց լինելու եմ", - նշել է Հակոբյանը։
Հակոբյանը չգիտի, թե ինչով է զբաղվելու ապագայում։ Բայց չի կարծում, թե կվերադառնա դերասանական գործունեությանը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է իր թեկնածության քննարկումը որևէ երկրում ՀՀ դեսպանի պաշտոնի համար, Հակոբյանն ասել է, որ այդ թեմայով քննարկում չի եղել:
"Իմ հետագա գործունեության վերաբերյալ ընդհանրապես որեւէ քննարկում չի եղել", - ընդգծել է պատգամավորը:
Նշենք, որ Հակոբ Արշակյանը, Քրիստինե Պողոսյանը և Խաչատուր Սուքիասյանը ևս չեն ընդգրկվելու կառավարող կուսակցության նախընտրական ցուցակում:



