
Արմինֆո. Հայաստանը ձգտում է առավելագույնս բարելավել հարաբերությունները Բոսնիա և Հերցեգովինայի ու Սերբիայի հետ։ Այդ մասին Euronews BiH-ի հետ հարցազրույցում հայտարարել է Բոսնիա և Հերցեգովինայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։
Զրույցի սկզբում հայ դիվանագետը նշել է, որ իր նստավայրը գտնվում է Պրահայում, սակայն համատեղության կարգով կատարում է Բոսնիայում և Հերցեգովինայում, Սերբիայում, Խորվաթիայում, Սլովենիայում և Չեռնոգորիայում երկրի դեսպանի լիազորությունները:
"Ես նշանակվել եմ Բոսնիա և Հերցեգովինայում, թվում է, թե ոչ այնքան վաղուց, բայց արդեն երեք տարի է անցել։ Ես ձգտում եմ հնարավորինս ակտիվ լինել եւ ավելի հաճախ այցելել, այդ պատճառով այս տարի արդեն երկրորդ անգամ եմ այցելում Բոսնիա եւ Հերցեգովինա", - պարզաբանել է Հովակիմյանը։
Նա նշել է, որ վերը նշված երկրների հետ հարաբերությունները տարբեր կերպ են զարգանում։ Նա հավելել է, որ Բոսնիա և Հերցեգովինայի հետ հարաբերությունները նախկինում գրեթե բացակայում էին: "Հիմա, կարծում եմ, մենք արդեն ունենք դրական դինամիկա։ Անցյալ տարի տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ մեր արտաքին գործերի նախարարությունների միջև։ Կարծում եմ ՝ մեր հարաբերությունները Բոսնիա և Հերցեգովինայի հետ շատ ավելի զարգացած կլինեն", - նշել է դիվանագետը։
Անդրադառնալով Սերբիայի և Խորվաթիայի հետ փոխգործակցությանը՝ Հովակիմյանը խոստովանել է, որ հարաբերությունների դինամիկան ավելի բարձր է, քան Սարաևոյի հետ: Նա հավելել է, որ հարաբերությունների բարելավման համար միշտ էլ հնարավորություններ կան, և հիշեցրել, որ հայերը պատմականորեն ներկա են այդ տարածաշրջանում:
Դիվանագետը պատմել է, որ Հայաստանն առանց վիզայի ռեժիմ ունի Բոսնիա և Հերցեգովինայի ու Սերբիայի, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրների հետ: "Կարևոր է նշել, որ Սերբիայում Հայաստանի քաղաքացիների համար գործում է առանց վիզայի ռեժիմ։ Ավելին, Չեռնոգորիան զբոսաշրջային սեզոնին մեղմացնում է վիզային պահանջները մեր քաղաքացիների համար", - ասել է նա։
Անդրադառնալով Հայաստանի եվրոպական ձգտումներին' հայ դիվանագետը փաստել է, որ Հայաստանը դեռ անդամակցության հայտ չի ներկայացրել:
"Այժմ մենք խորացրել ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ։ Ինչու՞ Հայաստան և Եվրամիություն։ Որովհետեւ մենք մեծ քաղաքակրթության մի մասն ենք: Եվ սա դեռ ամենը չէ: Հայաստանը դեռևս օրենքի ընդունումից առաջ, փաստացի, սկսել էր բարեփոխել պետական կառավարման համակարգը և ժողովրդավարական ինստիտուտները", - պարզաբանել է նա։
Դիվանագետը հայտարարել է, որ բարեփոխումներն իրականացվում են հանուն Հայաստանի ժողովրդի, որպեսզի հասարակությունը դառնա ավելի ժողովրդավարական, ունենա ավելի մեծ ազատություն և ավելի զարգացած տնտեսական հարաբերություններ: "Եվրամիությանն անդամակցելը մեր ժողովրդի ցանկությունն է", - ամփոփել է Հովակիմյանը: