


Արմինֆո.Նոյեմբերի 28-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ:
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում նաև` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները և Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։
Նշենք, որ դեռ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ֆրանսիայի այն ժամանակվա ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հայտարարել էր Երևանում Ֆրանսիայի ռազմական կցորդի նշանակման մասին՝ երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա ամրապնդման նպատակով։ Իսկ արդեն նույն թվականի հոկտեմբերի սկզբին Ֆրանսիան դրական էր արձագանքել Հայաստանի ռազմական օգնության խնդրանքին՝ Ադրբեջանից բխող սպառնալիքի ֆոնին։ Հոկտեմբերի 22-23-ը Փարիզում Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լեկորնյուի և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպմանը տեղեկացվել էր Երևանին սպառազինություն մատակարարելու շուրջ ձեռք բերված համաձայնության մասին: Այն ժամանակ ստորագրվել էին համաձայնագրեր Երևանին երեք Thales Ground Master 200 (GM200) ռադարների մատակարարման շուրջ և փոխըմբռնման հուշագիր՝ փոքր հեռահարության Mistral ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ ։ Երկրորդ պայմանագիրը վերաբերում էր Երևանի կողմից գիշերային տեսանելիության հեռադիտակների, Safran-ի արտադրության սարքավորումների ձեռք բերմանը։ Հայաստանը Ֆրանսիայի հետ պայմանավորվել է 50 միավոր "Բաստիոն" տեսակի թեթև զրահամեքենա գնելու շուրջ։



