
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսների հայտարարությունը, որը դատապարտում է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի գործողությունները՝ կապված համացանցում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին առնչվող տեսանյութի վերաբերյալ եզրակացության հետ: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին՝ նոյեմբերի 27-ի ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ ՀԱԵ-ում կան հոգևորականներ, որոնք նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման հարցում: "Եվ ես, հոգևոր հայրերի համաձայնության դեպքում, հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, որպեսզի ավելի մանրամասն ծանոթանամ նրանց դիրքորոշմանը և մոտեցումներին", - հաղորդել է վարչապետը, նկատելով, որ իր դիրքորոշումը մնացել է նույնը:
Նշենք, որ ՀԱԵ եպիսկոպոսների հայտարարության մեջ ասվում է, որ նոյեմբերի 5-ին Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ստեղծվել էր հանձնաժողով, որը պետք է եզրակացություն տար համացանցում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի մասնակցությամբ տարածված տեսանյութի վերաբերյալ: Հանձնաժողովը դիմել է Քննչական կոմիտե ՝ տվյալ տեսագրության իսկությունը պարզելու համար։
Նոյեմբերի 25-ին Քննչական կոմիտեն հաստատել է դրա իսկությունը։ Նույն օրը հանձնաժողովը փորձաքննության արդյունքները փոխանցել է կաթողիկոսին, սակայն վերջինս իր իսկ ստեղծած հանձնաժողովի փորձաքննության արդյունքները համարել է առ ոչինչ:
Այդ առնչությամբ հոգևորականության ներկայացուցիչները հայտարարել են, որ Գարեգին Բ-ի պահվածքը Եկեղեցու հեղինակությանը վնաս հասցնող այդ հարցի վերաբերյալ խիստ մտահոգիչ է:
Նրանք նշել են, որ կաթողիկոսն ամեն գնով փորձում է քողարկել Արշակ Սրբազանի անպարկեշտ արարքը՝ դրանով իսկ դառնալով սրբապղծության հովանավոր: Եպիսկոպոսները հայտարարել են, որ Գարեգին Բ-ն հավատարիմ չէ ուխտին, նրա վարքագիծն անհամատեղելի է Հայ Առաքելական Եկեղեցու կանոնական իրավունքի հետ, ինչը սպառնում է պառակտում Եկեղեցում:
«Ուստի, կոչ ենք անում մեր եղբայր եպիսկոպոսներին, Եկեղեցու հավատացյալ և հավատարիմ զավակներին միանալ սրբապիղծ քահանայից և նրա հետ իր մեղքերը կիսողներից աշխարհասփյուռ հայության Սուրբ Սրբոցի՝ Սուրբ Էջմիածնի ազատագրմանը՝ խստագույնս դատապարտելով Գարեգին Բ-ի սխալ ուղին», - ասված է հայտարարության մեջ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ