


Արմինֆո. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվել է հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն, ժողովին քննարկվել է վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ պատարագի արարողության ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը:
«Եպիսկոպոսաց դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը՝ արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է և կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։
Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին՝ հանուն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անսասանության և առավել զորացման», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակաեկեղեցական արշավի շրջանակներում Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակցել է պատարագին, որը մատուցել է հայր Երվանդ Բաբայանը՝ մեկ այլ ծխի հոգևորական: Պատարագին ներկա է եղել նաև Մասյացոտն թեմի առաջնորդ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Պատարագի ընթացքում Բաբայանը միտումնավոր բաց է թողել այն պարբերությունը, որտեղ հիշատակվում է Ամենայն հայոց կաթողիկոսը ։



