


Արմինֆո.Երևանի ավագանու "Քաղաքացիական պայմանագիր" իշխող ուժը ՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, մտադիր է մինչև տարեվերջ սահմանափակել քաղաքի կենտրոն մասնավոր տրանսպորտի մուտքը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու "Մայր Հայաստան" խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը:
«Երևանի կառավարումը տապալածներն ընդդեմ քաղաքացիների հերթական քայլին են գնալու։
Քաղաքի խցանումների հարցն իբր լուծողները թանկացրեցին կարմիր գծերը՝ դարձնելով 160.00 դրամ, հավաքեցին 2 մլրդ 100 մլն դրամ ու ձախողեցին։
Ստեղծեցին հիմնարկ՝ «ԱՆԻՖ 2», տրամադրեցին 480 մլն դրամ իբր խցանումների հարցը լուծելու համար։
Իրականում ամեն բան ձախողած ու թանկացրած, փոքրամասնության քվեն ստացածները մտադիր են մինչ տարեվերջ արգելել Կենտրոն վարչական շրջան սեփական մեքենաներով մուտք գործելը։
Մեքենաների ընտրությունը կորոշի փոքր խմբակը՝ սահմանելով մեքենայի մակնիշն ու տարեթիվը։ «Հպարտ» քաղաքացին վերածվեց տուգանքի մատերիալի ու դասակարգվեց», - գրել է "Մայր Հայաստան" խմբակցության անդամը։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր քաղաքում խցանումների դեմ պայքարում ցավոտ որոշումներ կայացնելու մտադրության մասին: Մինչդեռ, փորձագետները հակված են կարծելու, որ հենց Ավինյանի թիմի դիլետանտ գործողություններն են քաղաքում կոլապսի հանգեցրել ։



