


Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի նախկին կառավարիչները մտադիր են կետ առ կետ հերքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա պնդումները, որոնք նա հնչեցրել է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ:
«Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը կանչել էր ՀԷՑ–ի կառավարչին և նրա մասնակցությամբ հանրությանը փորձում էր ներկայացնել ՀԷՑ-ը խլելու համար հիմնավորումներ։ Այս զրույցին ԿԵՏ ԱՌ ԿԵՏ կանդրադառնանք քիչ հետո: Փաշինյանը մարդկանց վարկաբեկելու ինչ խոսք լավ մասնագետ է, բայց դրույթների մեջ չի խորանում, և սա նրա թույլ կողմն է՝ ինչպես այստեղ, այնպես էլ ամեն տեղ», - Facebook-ի իր էջում գրել է "Մեր ձեւով" շարժման համակարգող, "Տաշիր Կապիտալ" ՓԲԸ գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ը նոյեմբերի 17-ի իր որոշմամբ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին զրկել էր էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից: Հունիսի 18-ին իրավապահ մարմինները ձերբակալել էին, ապա դատարանը կալանավորել է խոշոր գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին ՝ սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու մեղադրանքով: Դա տեղի է ունեցել միայն այն պատճառով, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու, հարցազրույցում հայտարարել էր․ "Մենք մեր ձեւով կմիջամտենք", եթե քաղաքական գործիչները չկարողանան կատարել այդ գործառույթը: Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները Կարապետյանների ընտանիքից, փաստացի, խլել են ՀԷՑ-ի կառավարումը՝ ժամանակավոր կառավարիչ նշանակելով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանին:



