


Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նախօրեին հյուրընկալել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։
ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման կարևորությանը, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է իրավունքներին առնչվող մի շարք հարցերի շուրջ, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների պահպանման կարևորությանը, կալանքի կիրառման իրավաչափության չափանիշներին։
Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների՝ մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու հանգամանքին:
Ի թիվս այլնի, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր:



