
ԱրմինֆոԱդրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի ձեռք բերմանն ուղղված ջանքերը պատմական հնարավորություն են բացում լայն սևծովյան տարածաշրջանի համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ ելույթ ունենալով Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 66-րդ Գլխավոր վեհաժողովի նիստում:
"Տեղում արդեն խաղաղություն է ձեռք բերվել, ինչը փոխակերպում է Հարավային Կովկասի անվտանգության լանդշաֆտը եւ հսկայական ներուժ է բացում ողջ սեւծովյան տարածաշրջանի համար՝ տնտեսական եւ կապի տեսանկյունից։ Մենք նաեւ ողջունում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը", - հայտարարել է Պապուաշվիլին, որի խոսքերը մեջբերում են վրացական ԶԼՄ-ները։
Միեւնույն ժամանակ, նա փաստել է, որ վերջին տարիներին սեւծովյան տարածաշրջանի նշանակությունը ռազմավարության, տնտեսության եւ անվտանգության տեսանկյունից նկատելիորեն աճել է: "Եվրոպան և Ասիան կապող մեր աշխարհագրական տարածքը միշտ գտնվել է քաղաքակրթությունների խաչմերուկում։ Այսօր, չնայած բազմաթիվ մարտահրավերներին և աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, մենք պետք է միավորենք ջանքերը համագործակցության բոլոր ոլորտներում, որոնք մեր տարածաշրջանը կդարձնեն ավելի կայուն, անվտանգ և զարգացող: Այս համատեքստում խաղաղությունը ամենահիմնական նախադրյալն է։ Երկարաժամկետ խաղաղությունը ոչ միայն ցանկալի պայման է, այլեւ՝ հիմք, որի վրա պետք է կառուցվեն բարեկեցությունը, կայունությունը եւ համատեղ աճը", - նշել է Պապուաշվիլին։
Նա ուշադրություն է դարձրել նախաձեռնություններին, որոնք, նրա խոսքով, կարող են վճռորոշ դեր խաղալ կապվածության ոլորտում: "Մենք կարծում ենք, որ կապվածությունը ՝ ֆիզիկական, թվային, տնտեսական և մարդկային, պետք է դառնա մեր համագործակցության կենտրոնական հիմնասյուներից մեկը։ Այդ համատեքստում Միջին միջանցքը վերածվել է կարևոր, արագ, արդյունավետ և անվտանգ երթուղու։ Մենք պատրաստ ենք զարգացնել ենթակառուցվածքը, համապատասխան քաղաքականությունը և գործընկերային հարաբերությունները, ինչը կբարձրացնի նրա հնարավորություններն ու մրցունակությունը ։ Առաջատար նախաձեռնությունները, ինչպիսիք են Սև ծովի ստորջրյա մալուխը, օպտիկամանրաթելային մալուխը և Սև ծովի ծովային ծառայությունները, կարող են կարևոր դեր ունենալ կապի ոլորտում: Մենք վճռականորեն մտադիր ենք արագացնել այդ նախաձեռնությունների իրականացումը", - ամփոփել է նա։