
Արմինֆո.2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ նստացույց է անցկացնում ՝ ի աջակցություն Հայաստանում միակ կին քաղբանտարկյալ, "Սրբազան պայքար" շարժման անդամ Լիդիա Մանթաշյանի, ով մեղադրվում է ահաբեկչության և իշխանությունը բռնի զավթելու փորձի համար:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ուշադրություն է հրավիրել Պետրոսյանը, Մանթաշյանն ս․թ․ հունիսից գտնվում է ճաղերի հետևում՝ հիմնավորված մեղադրանքի և դատավճռի բացակայության պայմաններում: Նրա խոսքով՝ նստացույցը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Մանթաշյանը հայտնվի ազատության մեջ: "Եթե այսօր Հայաստանում մենք պետք է շշուկով խոսենք խնդիրների մասին, ուրեմն կարելի է համարել, որ երկիրը զավթված է թշնամու կողմից։ Բայց մենք չենք լռելու և շարունակելու ենք ճշմարտության ձայնը բարձրացնել", - ընդգծել է 44-օրյա պատերազմի հերոսը։
Նա նշել է, որ այդ ակցիայով փորձում է հայ հասարակության ուշադրությունը հրավիրել տեղի ունեցող իրավական կամայականության վրա և հասնել Մանթաշյանի շուտափույթ ազատ արձակման: "Ես այս նստացույցն անցկացնում եմ այն պատճառով, որ այսօր հասարակությունը լռություն է պահպանում և ոչինչ չի ձեռնարկում։ Ավելին, լռում են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, ինչպես նաև իրավապաշտպան այլ կառույցներ։ Դիմում եմ նաև արվեստի ներկայացուցիչներին և Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին, հատկապես՝ կանանց: Ավելին, ուշադրություն հրավիրեմ, որ ՀՀ գլխավոր դատախազը ևս կին է։ Նրանք պետք է հասկանան, որ Լիդիա Մանթաշյանի փոխարեն կարող է հայտնվել իրենցից յուրաքանչյուրը", - ընդգծել է Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին կալանքի տակ էին առնվել "Սրբազան պայքար" շարժման 18 ընդդիմադիր գործիչներ և համակիրներ ՝ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ: Նրանց մեղադրում են "իշխանությունը զավթելու" փորձի համար։ Որպես նրանց մեղավորության ապացույց բերվում են շարժման անդամների միջև արձանագրված խոսակցությունները։ Նոյեմբերի 20-ին դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ևս երեք ամսով երկարաձգել է Լիդիա Մանթաշյանի կալանքը, մինչդեռ, նույն գործով 10 մեղադրյալների խափանման միջոցը փոխվել է։ Անկախ փորձագետները հակված են կարծելու, որ Մանթաշյանի կալանքի երկարաձգումը պատժիչ բնույթ է կրում։