


Արմինֆո. Նվաստացման, ստորացման և անարդարության պայմաններում, վախի և սպառնալիքի տակ ոչ խաղաղություն են կառուցում ոչ էլ վստահություն ձևավորում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով Հայաստանի քաղաքացիական հասարակության հինգ ներկայացուցիչների այցը Բաքու:
«Կառավարությունը «հայկական» պատվիրակության փոխադրումը ուղիղ չվերթով կազմակերպելու համար հատկացրել է 17.5 միլիոն դրամ, իսկ այցի նպատակը հիմնավորել են իբրև երկու պետությունների հասարակությունների միջև վստահության ձևավորում։
Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների գործերով շինծու դատավարությունը, և մի քանի օր առաջ Ադրբեջանի դատախազությունը դատարանից պահանջել է Արայիկ Հարությունյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Բաբայանին ցմահ ազատազրկում, իսկ մեր մյուս հայրենակիցներին՝ 16-20 տարի։
Մինչդեռ Բաքվում գտնվող քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ ծրագրում գերիներին այցելելու օրակարգ չկա։
Իրականում սա ոչ թե երկու ժողովուրդների միջև վստահության ձևավորմանն ուղղված քայլ է, այլ Ալիևի արյունոտ ձեռքերը լվանալու, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և ցեղասպանությունը լեգիտիմացնելու փորձ։
Նվաստացման, ստորացման և անարդարության պայմաններում, վախի և սպառնալիքի տակ ոչ խաղաղություն են կառուցում ոչ էլ վստահություն ձևավորում։
Ալիևի և նրա հանցակից Փաշինյանի նշյալ բոլոր փորձերը ձախողված են։ Պետք է արձանագրել, որ ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպում է ունեցել իր ազդեցության գործակալների հետ․ դրանք հայ ժողովրդի և Հայաստանի քաղհասարակության հետ ոչ մի կապ չունեն», - նշել է Իշխան Սաղաթելյանը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



