


Արմինֆո.Գերմանիան դարձել է Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումներ իրականացրած Ադրբեջանի նավթի՝ մեծությամբ չորրորդ ներկրողը: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Գերմանիան կտրուկ կրճատել է իր կախվածությունը ռուսական էներգակիրներից՝ մարդու իրավունքների հետ կապված խնդիրների պատճառով:
"Այսպիսով, նա դարձավ նավթի՝ մեծությամբ չորրորդ ներկրողն Ադրբեջանից՝ հարյուրավոր քաղբանտարկյալներ ունեցող ավտոկրատ պետությունից, որը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումներ էր իրականացնում", - գրել է Սնելը:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Գերմանիան 4-րդ տեղն է զբաղեցրել այն երկրների շարքում, ուր Ադրբեջանը նավթ և նավթամթերք է արտահանել: Գերմանիա է առաքվել 956 716.48 տոննա ադրբեջանական նավթամթերք՝ 502 018.65 հազար ն դոլարի։ Առաջին տեղում Իտալիան է, երկրորդ տեղում՝ Չեխիան, երրորդում՝ Խորվաթիան։



