
Արմինֆո. Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի խորհդարանում հանդիպել է Հունաստան-Հայաստան խորհդարանական բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ։
Հունաստանում ՀՀ դեսպանատան հաղորդագրության համաձայն, երկուստեք անդրադարձ է կատարվել հայ և հույն ժողովուրդների բարեկամությանը, Հայաստանի և Հունաստանի միջև ըստ էության ռազմավարական համագործակցությունը՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարևոր նշանակությունը դրանում։ Կարևորվել է հայկական սփյուռքի կամրջող դերը Հայաստանի և իրենց կեցավայր երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցում, այդ թվում՝ Հունաստանում։
Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկաներին մանրամասն ներկայացրել է Վաշինգտոնում կնքված փաստաթղթերի նշանակությունը, "Հանուն խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի" նախագիծը, ինչպես նաև "Խաղաղության խաչմերուկի" դերն այդ համատեքստում։ ՀՀ դեսպանն ընդգծել է Հայաստանի հավատամությունը խաղաղության գործընթացին, ինչպես նաև անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու՝ Հայաստանի հանձնառությանը, ինչը կենսական նշանակություն ունի Հայաստանի և տարածաշրջանի համար։
Բարեկամական խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուն իր հերթին նշել է, որ Հայաստանի երկխոսությունը հարևանների հետ անչափ կարևոր է և իրենք հույս ունեն, որ Հայաստանին կհաջողվի բնականոն հարաբերություններ հաստատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Բարեկամական խմբի քարտուղար էկատերինի Նոտոպուլուն կարևորել է սփյուռքյան կառույցների հետ համագործակցությունը, առաջարկել երիտասարդական համաժողովի անցկացում իր ընտրատեղամաս հանդիսացող Սալոնիկ քաղաքում։
Կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը և փոխադարձ, այդ թվում առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան այցերի, կազմակերպումը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են "խաղաղության մասին" յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր: Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կմիացնի Ադրբեջանը իր նախիջեւանյան էքսկլավին: TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity, թարգմանաբար ՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ», Հայաստանի հարավում գտնվող 42 կմ ճանապարհ, որի կառավարումը 99 տարով կտան ԱՄՆ-ին), փորձագետների կարծիքով, կարող է էապես փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում: