


Արմինֆո. Նոյեմբերի 20-ին,՝ ժամը 15:00-ին Հայաստանի դատախազության շենքի դիմաց տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների: Այդ մասին Facebook-ի իր էջից հաղորդել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
"Հայաստանում արդեն երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ կա։ Այս իշխանությունը կեղծ մեղադրանքներով և շինծու քրեական գործերով ապօրինաբար կալանավորել է հոգևորականների, բարերարների, Ազգային ժողովի պատգամավորների, ընտրված համայնքապետերի, քաղաքական և հասարակական գործիչների, բլոգերների, զոհված զինծառայողների ծնողների և հարազատների, այդ թվում կին քաղբանտարկյալների: Բոլոր այդ մարդիկ այսօր բանտում են միայն այն պատճառով, որ համաձայն չեն երկրում տիրող իրավիճակի հետ, դեմ են այս իշխանության հակահայկական քաղաքականությանը և այդ առումով իրենց տեսակետն են հայտնել և պայքարում են դրա դեմ", - նշել է պատգամավորը ։



