


Արմինֆո. «Այսօր 15:48 րոպեից աշխարհի խոշորագույն DDoS պաշտպանություն և բովանդակության հասանելիություն ապահովող հարթակը՝ Cloudflare֊ը, խնդիր է ունեցել, որի հետևանքով հայաստանյան բազմաթիվ լրատվակայքեր, որոնք օգտվում էին Cloudflare-ից, անհասանելի էին դարձել։ Որոշ կայքեր մինչև այժմ լիարժեք չեն վերականգվել», - ֆեյսբուքյան իր էջում գրել է CyberHUB-AM -ի համահիմնադիր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը։
«Վատն այն է, որ ըստ Cloudflare-ի տարածած հաղորդագրության, իրենք դեռ «աշխատում են այս խնդրի ամբողջական ազդեցությունը հասկանալու և մեղմելու ուղղությամբ»։ Փիառի լեզվից մարդկային լեզու թարգմանելով՝ ես սրանից եզրակացնում եմ, որ իրենք նույնիսկ մինչև վերջ չեն հասկացել, ինչ պատճառով է խնդիրը եղել, որպեսզի հասկանան, թե դա ինչքան է տարածվել և ում վրա է ազդել։
Միջազգային լրահոսում արդեն հրապարակումներ կան, որոնցից կարելի է եզրակացնել, որ խնդիրը ազդել է անգամ X-ի, Չատջիփիթիի և այլ խոշոր հարթակների վրա։ Նման պահերին հասկանում ես, թե ինչ աստիճանի մեծ է մեր՝ և առհասարակ ամբողջ աշխարհի, ինտերնետի կախվածությունը մի քանի հիպերկենտրոնացած, գերհսկա ենթակառուցվածք ապահովող ծառայություններից», - գրել է Պապյանը։
Նշենք, որ այդ խափանման հետևանքով խաթարվել է ԱրմԻնֆո լրատվական գործակալության բնականոն աշխատանքը:



