


Արմինֆո.Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա որոշումը եկավ ապացուցելու արդարադատության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Այդ մասին ասվում է գործարար Կարապետյանի "Մեր ձեւով" շարժման հայտարարությունում։
Ցավով արձանագրում ենք, որ մեր հայրենիքում հաստատվել են հակաժողովրդավարական կարգեր, որոնց պայմաններում մեկ մարդ է որոշում` ով և ինչքան պետք է կալանավորված լինի, իսկ վճիռները հրապարակում է ոչ թե դատարանը, այլ իշխող ընտանիքին պատկանող թերթը՝ դատական նիստի ավարտից մեկ օր առաջ։
Հայկական պետականությունը խորը ճգնաժամ է ապրում, որը պետք է հաղթահարենք միասին։ Հայաստանի Հանրապետությունը չպետք է լինի մեկ մարդու գրպանային պետություն։ Որքան էլ որ անելանելի թվա իրավիճակը ու որքան էլ բիրտ լինի գործող իշխանության ճնշումը, մենք ոչ մի վայրկյան չե´նք դադարեցնելու պայքարը։ Վստահ ենք, որ միասնաբար հաջողելու ենք ու հաղթելու ենք՝ մեր ձևով», - ասվում է շարժման ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանն այսօր ևս երկու ամսով երկարաձգել է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը, ում մեղսագրվում են իշխանությունը զավթելու կոչեր եւ տնտեսական բնույթի հանցագործություններ:



