


Արմինֆո. Երևանն ընդգրկվել է լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների առաջատար 10-յակում։ Այդ մասին հաղորդում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը ՝ վկայակոչելով JB թվային ժամանցային հարթակի վարկանիշի տվյալները, որը հրապարակվել է CNTraveller ճանապարհորդությունների մասին պարբերականում:
"Հայաստանը գուցե առաջին երկիրը չէ, որ գալիս է մտքիդ, երբ խոսքը վերաբերում է գիշերային կյանքին, բայց Երևանը, որը հայտնի է իր աշխույժ մթնոլորտով, տանիքների բարերով և զբոսաշրջիկների սիրելի գինու փողոցով (Սարյան փողոց - խմբ.), զբաղեցնում է 7-րդ տեղը", - ասվում է աղբյուրում:
Պարբերականում նշել են, որ Հայաստանի մայրաքաղաքում ավելի շատ հաստատություններ կան, քան հարեւան Թբիլիսիում ՝ 33 գիշերային հաստատություններ եւ 48 երեկոյան միջոցառումներ 100 քառակուսի կիլոմետրի վրա, եւ միջին վարկանիշը կազմում է 4,47:
Երեւանից առաջ վարկանիշում տեղ են գտել Բարսելոնան, Փարիզը, Տոկիոն, Պրահան, Թբիլիսին, Սեուլը, իսկ հետո՝ Բանգկոկը, Բալին եւ Բուդապեշտը:
Ըստ JB-ի, ճանապարհորդների մոտ 60% - ը հաշվի է առնում գիշերային կյանքը որպես գործոն, երբ ընտրում է իր հաջորդ հանգստի վայրը: Վարկանիշը կազմվել է այնպիսի գործոնների հիման վրա, ինչպիսիք են անվտանգությունը, բարերի եւ փաբերի խտությունը, մութն ընկնելուց հետո հասանելի զվարճանքները, ինչպես նաեւ ընթրիքի միջին արժեքը, խմիչքների գները, հաստատությունների վարկանիշները եւ փակման ժամանակը:
Նշենք, որ ըստ Զբոսաշրջության կոմիտեի տվյալների, հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1.94 մլն զբոսաշրջիկ, ինչը 1%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:



