


Արմինֆո. Հայաստանի կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել 2025 թ. հուլիսի 21-ին Թբիլիսիում ստորագրված «Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, այն հնարավորություն կտա համատեղ և համակարգված քայլեր իրականացնել երկու պետությունների տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ՝ երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման հարցերում: Իրավական հիմք կստեղծի հետընդունման գործընթացի կարգավորման համար` սահմանելով կողմերի քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի ցանկը, երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ռեադմիսիայի համար հիմքերի առկայության ապացույց հանդիսացող փաստաթղթերի ցանկը, անձանց ուղեկցմամբ փոխանցելու կարգը, հարցազրույցների անցկացման կարգը, անձի ռեադմիսիայի մասին հարցման ձևը, ժամկետները և այլ հարցեր: Կնպաստի միգրացիայի ոլորտում արդյունավետ համագործակցության զարգացմանը:



