


Արմինֆո. Հայաստանը մտահոգություն է հայտնում Բաքվի դատարանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։ Այս մասին նոյեմբերի 14-ին ճեպազրույցում հայտարարել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նա հույս է հայտնել, որ այդ հարցը կլուծվի երկու պետությունների միջև խաղաղության գործընթացի շրջանակում։ Պատգամավորը նշել է Բաքվում պահվող բոլոր հայերի վերադարձի համար բարենպաստ պայմանների ձևավորման անհրաժեշտությունը: Այս պահին գրեթե ամենօրյա ռեժիմով համապատասխան աշխատանք է տարվում, քանի որ այդ խնդրի լուծումը հայկական կողմի համար առաջնային է։ "Մենք հույս ունենք, որ խաղաղության գործընթացի հետ կապված առաջիկա գործընթացները թույլ կտան հեշտացնել այդ խնդրի լուծումը", - ասել է իշխանության կուսակցության ներկայացուցիչը:
Նա, միաժամանակ, մտահոգություն է հայտնել Բաքվից հնչող հայտարարությունների առնչությամբ, որոնք որևէ աղերս չունեն խաղաղության գործընթացի հետ: Հովհաննիսյանը նաև հույս է հայտնել, որ հարաբերությունների կարգավորման գործընթացում այդ մտահոգությունները կփարատվեն, իսկ բուն գործընթացը կմտնի էլ ավելի ակտիվ փուլ, որի արդյունքում կձևավորվի հայրենակիցների վերադարձի համար համապատասխան միջավայր:
Նշենք, որ Բաքվում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների նկատմամբ, այսպես կոչված, դատաքննությունը։ Դատախազը Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի համար պահանջել է ցմահ ազատազրկում: 20-ական տարի պետք է նստեն նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։ Մնացած բոլորին սպառնում է 16-19 տարվա ազատազրկում։



