
Արմինֆո. "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի գործով դեռևս հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը ՀՀ Քննչական կոմիտեից պահանջել էր "կոչի" դրվագով կամ գործը հանձնել դատարան, կամ կարճել: 53 քննիչներից բաղկացած քննչական մարմինը շարունակել է վճռական անգործության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի քաղաքականությունը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«2025 թվականի հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել էր Սամվել Կարապետյանի կալանքը մեկ ամսով, հերթական անգամ արձանագրելով տնտեսական բնույթի մեղադրանքերում հիմնավոր կասկածի բացակայությունը: Դատարանի որոշման դեմ բողոքներ էինք ներկայացրել և մենք, և Դատախազությունը: Մենք ակնկալում էինք, որ կալանքը վերացվեր անհապաղ և արձանագրվեր նաև «կոչի» դրվագով հիմնավոր կասկածի բացակայությունը: Դատախազությունը պահանջում էր, որ արձանագրվեր տնտեսական բնույթի մեղադրանքներով հիմնավոր կասկածը և փաստացի մեկ ամիս կալանքի փոխարեն՝ 2 ամիսը: Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Հակակոռուպցիոն դատարանի որոշումը:
Հիշեցման կարգով 1՝ Հակակոռուպցիոն դատարանը դեռևս հոկտեմբերի 16-ին պահանջել էր քննչականից, որ «կոչի» դրվագով, կամ գործն ուղարկեն Դատարան կամ կարճեն: Քննչական մարմինը բաղկացած 53 քննիչներից հերթական անգամ արձանագրել է վճռական անգործությունը և անհարգալից վերաբերմունքը դատական ակտի նկատմամբ:
Հիշեցման կարգով 2՝ Վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Դատախազության անհիմն բողոքը և ակնհայտ է, որ քաղաքական հետապնդման պայմաններում ակնկալվում է ռեկորդային արագությամբ դատական ակտ: Իմ կանխատեսումն այն էր, որ Վճռաբեկ դատարանը ընդհանրապես չի իրականացնելու արդարադատություն, քանի որ բողոքում գրված է Սամվել Կարապետյան անուն ազգանունը և բողոք բերողը Դատախազությունն է: Ի դեպ մանրամասն ուսումնասիրել եմ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կողմից վարույթ ընդունելու և որոշումներ կայացնելու տևողության պրակտիկան, դեռևս որևէ դեպք չի եղել, որ նույնիսկ մեկ ամսվա ընթացքում Վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացվի:
Հիշեցման կարգով 3՝ Սամվել Կարապետյանը շուրջ հինգ ամիս է ինչ ակնհայտ ապօրինի կալանավորված է բացառապես Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին», - գրել է փաստաբանը։
"Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կալանքի տակ է 2025 թվականի հունիսի 18-ից: Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ՝ նրա կալանքի ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 17-ը ։ Նրան մեղադրում են երեք դրվագով ՝ "իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու" (Հայ առաքելական եկեղեցուն հրապարակային աջակցության խոսքերից հետո), խոշոր չափի հարկեր չվճարելու եւ փողերի լվացման մեջ"։