


Արմինֆո. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը տեղեկացնում է հանրությանը, որ երեկ շրջանառության մեջ դրված՝ «Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության» անունից տարածված հայտարարությունը ոչ մի կապ չունի իրական Ռամկավար ազատական կուսակցության պաշտոնական մարմինների և ներկայացուցիչների հետ։ Այդ մասին ասվում է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունում։
«Խորհուրդը իր խոր մտահոգությունն է հայտնում այն փաստի առթիվ, որ կուսակցության անունը ժամանակ առ ժամանակ շահարկվում է ինքնահռչակ փոքր խմբերի կողմից՝ առանց որևէ լիազորության կամ քաղաքական, գաղափարական պատասխանատվության։ Նման գործողությունները խեղաթյուրում են պատմական կուսակցության կերպարը և մոլորության մեջ են գցում հանրությանը։
Ռամկավար Ազատական Կուսակցության իրական դիրքորոշումը, որի հավաստի աղբյուր է կուսակցության Համադրված Մամուլը (Ուոթերթաուն, Մասաչուսեթս, ԱՄՆ), շարունակում է մնալ հետևյալը․ հարգանք և անսասան աջակցություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, հավատարմություն ազգային միասնականության, պետության և եկեղեցու անբաժանության սկզբունքին, մերժում ցանկացած բաժանարար կամ պառակտիչ դրսևորման՝ եկեղեցական կամ քաղաքական հարթությունում, կառուցողական համագործակցություն բոլոր հայկական կառույցների և համայնքների հետ՝ ի նպաստ մեր ազգային ինքնության պահպանման։
Խորհուրդը կոչ է անում լրատվամիջոցներին և հասարակական շրջանակներին առաջնորդվել միայն ստուգված աղբյուրներով և չտարածել ապատեղեկատվություն, որը կարող է խաթարել մեր ժողովրդի հոգևոր միասնությունը։
Միևնույն ժամանակ մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ռամկավար Ազատական Կուսակցության ավանդապահ ճյուղին, որը հետևողականորեն գործում է ազգային համերաշխության, պետության ամրապնդման և Հայ Եկեղեցու հեղինակության պահպանման ուղղությամբ», - ասվում է հայտարարությունում։



