
Արմինֆո. 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 44-օրյա պատերազմում կրած պարտությունների գլխավոր պատասխանատուներն ազատության մեջ են եւ հոխորտում են, տարօրինակ ինքնավստահություն դրսևորում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով դատական նիստերից մի ուշագրավ հանգամանք էլ է պարզ դառնում, ինչի մասին թեև խոսվել է, սակայն դրա փաստական արձանագրումները նիստերից են նկատելի:
Պատերազմի ընթացքում զորամասերը բառիս բուն իմաստով կազմաքանդել են` մի գումարտակ հարավ են ուղարկել, մյուս գումարտակը` հյուսիս, բրիգադի ՀՕՊ-ը` կենտրոնական ուղղություն, հակատանկային մարտկոցը` լրիվ այլ: Ու այդպես շարունակ:
Բրիգադը` որպես զորային կարևոր օղակ, իր մարտունակությունն ապահովում է կառուցվածքին հատուկ ստորաբաժանումների ձևավորման և առկայության պայմաններում` ՀՕՊ խնդիրների ապահովումից մինչև հետախուզություն:
Երբ դրա տարբեր օղակներ չեն գործում, այլընտրանքով էլ չեն ապահովում, բրիգադի խնդիրը կատարելու հնարավորությունը կտրուկ նվազում է:
44-օրյա ողջ ընթացքում, ոչ միայն ռեզերվայինի կարգավիճակ ունեցող զորամիավորումներն իրենց ողջ կազմով մարտի մեջ մտնելու հնարավորություն չեն ունեցել, դրա առանձին զորամասեր էլ, տարբեր որոշումներով, մասնատվել են և ցրվել են ճակատի տարբեր ուղղություններով:
Մի պատերազմի ընթացքում 3-4 պատերազմ պարտվելու տապալումներ են եղել, որի գլխավոր պատասխանատուն (ները) ոչ միայն ազատության մեջ են, դեռ մի բան էլ հոխորտում են, տարօրինակ ինքնավստահություն դրսևորում», - գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի գիշերն Ադրբեջանի ԶՈՒ-ն Թուրքիայի հետ համատեղ ռազմական ագրեսիա էին իրականացրել Արցախի դեմ։ 44 օր տևած արյունալի մարտական գործողությունների ընթացքում 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվել է հայտարարություն ՝ մարտական գործողությունները դադարեցնելու և Արցախ ռուս խաղաղապահներ մտցնելու մասին ։ 2020 թվականի ագրեսիայի հետևանքով կորսվել են Շուշին և Արցախի մի շարք շրջաններ։ Զոհվել են մի քանի հազար զինվորներ, ավելի քան 10 հազար հայորդիներ դարձել են հաշմանդամ, հազարավոր արցախցիներ դարձել են անօթեւան։