
Արմինֆո. Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, վերջին երեք տարում կառուցել է ընտանեկան և կուսակցական շահերի կոռուպցիոն հստակ սխեմա՝ համայնքային բյուջեից միլիոնավոր դրամներ ուղղելով իրեն և իր մերձավորներին պատկանող ընկերություններին։ Այդ մասին գրում է Anticor.am-ը։
Պայմանագրերը կնքվել են 2023 թվականի հունվարի 3-ին, 2023 թվականի ապրիլի 5-ին։ Այսպիսով, համայնքի ղեկավարն իր պաշտոնավարման առաջին իսկ տարուց սկսած համայնքային միջոցներով գործարքներ է իրականացրել իր ընտանիքի բիզնեսի հետ։ Այդպիսով տիրացել համայնքի գումարներին։
Նշվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արձանագրել է, որ Տավրոս Սափեյանը խախտել է շահերի բախման մասին օրենքը․ «Տավրոս Սափեյանը, իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելով, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման, չի ներկայացրել համապատասխան հայտարարություն»։ ԿԿՀ-ը հարուցել է վարչական վարույթ՝ պաշտոնական հաստատմամբ արձանագրելով շահերի բախման իրավիճակը։
2024 թվականին Տավրոս Սափեյանը հայտարարագրել է շահերի բախումը, ընդունելով, որ իր հորն ու հորեղբորը պատկանող ընկերությունը մասնակցում է համայնքային գնումներին։
Սակայն փաստացի իրավիճակը չի փոխվել․ ընտանիքի փոխարեն, պարզվում է, հայտնվել է կուսակցական գործընկեր։
Նոր ձևական խաղացող է դարձել «Արսուր» ՍՊԸ-ն։ 2025 թվականին Թալին համայնքապետարանը հեղուկ և սեղմված գազի նոր պայմանագիր է կնքել ոչ թե «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ի, այլ «Արսուր» ՍՊԸ-ի հետ։ Սակայն այս ընկերությունը փաստացի պատկանում է Տավրոս Սափեյանին, պարզապես փաստաթղթավորումն է փորձ արվել փոփոխելու։
2025 թվականի սեպտեմբերի 30-ին կնքվել է 11 մլն 600 հազար դրամի պայմանագիր՝ առանց մրցույթի՝ ուղղակի գնմամբ, գնանշման հարցման ձևով։
Պարզվել է, որ «Արսուր» ՍՊԸ-ի սեփականատերն է Արթուր Հակոբի Թորոսյանը, ով 2023 թվականի հոկտեմբերի 18-ից գրանցված է որպես բաժնետեր։ Նա հանդիսանում է Թալինի համայնքապետարանի Կոմունալ բաժնի պատասխանատու Սուրեն Թորոսյանի հարազատ եղբայրը, իսկ Սուրեն Թորոսյանը Սափեյանի անմիջական ենթական և ՔՊ կուսակցության անդամ։ Նա պարբերաբար աչքի է ընկնում ընդդիմության նկատմամբ անհանդուրժողականությամբ։ Նրա նկատմամբ Արագածոտնի դատարանում քննվում է քրեական գործ, որի համաձայն, վերջինս ծեծի է ենթարկել ընդդիմադիր հայացքներ ունեցող մի երիտասարդի։ Բնականաբար, Սուրեն Թորոսյանը ոչ մի րոպե չի գտնվել ազատազրկման վայրում։
Ավելին՝ «Արսուր» անվանումը ծագում է հենց սեփականատիրոջ և նրա եղբոր անուններից՝ Արթուր + Սուրեն = ԱՐՍՈՒՐ։
Նույնիսկ թույլտվությունը վաճառքի համար տրամադրվել է Տավրոս Սափեյանի կողմից՝ 2025-ի փետրվարի 7-ի N 219-Ա որոշմամբ։
«Այսինքն՝ համայնքի ղեկավարն իր ստորագրությամբ թույլ է տվել սեփական ենթակային դառնալ համայնքի հիմնական մատակարարը։ Ակնհայտ է, որ «ԱՐՍՈՒՐ» ընկերության սեփականատերն ունի ձևական բնույթ, իսկ դրա փաստացի շահառուն հենց ինքը՝ Տավրոս Սափեյանն է։
Կոռուպցիոն սխեման շատ պարզ է․ընտանեկան բիզնեսը ձևականորեն փոխարինվել է կուսակցական ենթակայի անվամբ ընկերությամբ, իսկ համայնքային միջոցները շարունակում են շրջել նույն քաղաքական և անձնական շրջանակներում։
Սա դասական համակարգային կոռուպցիոն ցանցի օրինակ է՝ որտեղ ընտանեկան կապերը թեև տեղափոխվում են կուսակցական դաշտ, սակայն պահպանվում են համայնքի միջոցներին», - գրում է պարբերականը։