
Արմինֆո.Հարավային Կովկասում հնարավորությունների պատուհան է բացվել կայուն խաղաղության եւ հանգստության համար։ Այս մասին ինքնաթիռում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանից վերադառնալիս, որտեղ մասնակցել է Արցախի դեմ ագրեսիայի 5-րդ տարելիցին նվիրված զորահանդեսին։
Էրդողանը հիշեցրել է, որ հինգ տարի առաջ Թուրքիան վճռական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին Արցախի դեմ ագրեսիայի հարցում ։ Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ 2021 թվականին Շուշիի հռչակագրի ստորագրումից հետո դաշնակցային մակարդակի հասած հարաբերություններն ամրապնդվում են՝ բոլոր ոլորտներում որոշակի նախագծերի շնորհիվ։
Թուրքիայի նախագահը նշել է, որ ներկա այցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, իսկ հանդիսություններին ներկա են եղել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, ինչպես նաև բազմաթիվ երկրների նախարարներ և ներկայացուցիչներ: "Այսօր նաև երկկողմ հանդիպում ունեցա պարոն Շահբազ Շարիֆի հետ։ Քննարկեցինք մեր հարաբերությունները, ինչպես նաև Պակիստանի և Աֆղանստանի միջև վերջին ռազմական էսկալացիան կանխելուն ուղղված միջոցառումները։ Ինչպես հայտնի է, Կատարի հետ մենք միջնորդության գործընթաց ենք վարում, որպեսզի վերջ դնենք այս երկու եղբայրական երկրների միջև առկա կոնֆլիկտային իրավիճակին։ Մեր նպատակն է ներդնել միջոցներ և մեխանիզմներ, որոնք կապահովեն հրադադարի կայունությունը և ընդմիշտ կդադարեցնեն ահաբեկչական միջադեպերը տարածաշրջանում", - հայտարարել է Թուրքիայի նախագահը ։
Նա նաև նշել է, որ ուրախությամբ է ընդունում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակներում իրականացվող քայլերը և բազմիցս գոհունակություն է հայտնել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կողմերի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ: Էրդողանը հավելել է, որ Հարավային Կովկասում ավելի քան 30 տարվա անկայունությունից հետո կայուն խաղաղության եւ հանգստության հնարավորությունների պատուհան է բացվել: "Խաղաղ գործընթացի ավարտն առաջիկայում պատերազմում հաղթած Ադրբեջանին կվերածի նաև տարածաշրջանում խաղաղության ճարտարապետի", - ասել է Էրդողանը:
Լրագրողի հարցին, թե՝ որն է եղել ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի աջակցության ամենակրիտիկական պահը, եւ արդյոք այդ օրինակը ուղենիշ կդառնա Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների համար, Էրդողանը նշել է, որ Ղարաբաղում հաղթանակը "ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ողջ թյուրքական աշխարհի հաղթանակն է":
"Հաղթանակից հետո տարածաշրջանում խաղաղության քամիներ են փչում, և մենք՝ որպես Թուրքիա, ուրախ ենք դրա համար։ Մենք նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց ենք վարում՝ Ադրբեջանի հետ համաժամանակյա", - հայտարարել է պետության ղեկավարը, հաղորդում է «Անադոլու»-ն: