
Արմինֆո. Համահայկական ներուժը համախմբելու կոչով ընդդիմությանն է դիմել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի գլխավորած "Հայոց համազգային միասնություն" կուսակցությունը:
«2020 թվականի այս օրը ստորագրվեց Արցախը հանձնելու կապիտուլյացիոն պայմանագիրը։
2020 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ գործող վարչապետը, ՌԴ և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին «Եռակողմ հայտարարություն» կոչված փաստաթութղթը, որը դարձավ անդառնալի կորուստների, նոր զիջումների և նվաստացումների սկիզբը։
Այսօր մենք ունենք հայաթափված Արցախ, ռազմագերիներ Բաքվում, Ադրբեջանի կողմից օկուպացրած ՀՀ տարածքներ...
Միաժամանակ Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանի գործող իշխանություններին։
Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ միասին, բացահայտ իրականացնում են Հայաստանի չլինելու ծրագիրը։ Դրան է միտված նաև այսպես կոչված «Խաղաղության համաձայնագիրը»։
Մասնավորապես, Հայաստանին տարածքային նոր պահանջներ են ներկայացվում, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, Հայաստանը չպետք է ունենա մարտունակ բանակ, Ադրբեջանը պետք է ՀՀ սահմաններին զբաղեցնի գերիշխող դիրքերը՝ մեկընդմիշտ վերահսկողություն սահմանելով ռազմավարական նշանակության ճանապարհների վրա, Հայաստանի վրա պետք է դրվեն ռեպարացիոն պարտավորություններ՝ փոխհատուցելու Ադրբեջանին իբրև թե հասցված 50 և ավելի մլրդ դոլարի վնասը։
Այս պահանջներից բացի թուրք-ադրբեջանական տանդեմը Հայասատանի գործող իշխանություններին պարտադրում է կազմաքանդել այն հիմնարար մշակութային հաստատությունները, որոնք հայ ժողովրդի ինքնության հենարանն են, և առաջին հերթին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, վերանայել Սփյուռքի հետ կապերը, մոռանալ անցյալը՝ բացառալեով Հայաստան-Արցախ-Սփյուռք համակարգը։
Այս գահավիժման դեմն առնելու ճանապարհը մեկն է՝ համախմբել համահայկական ներուժը' վերականգնելու ազգային արժանապատվությունը, ունեցած հնարավորություններն ու հեղինակությունը։ Հակառակ պարագայում Հայաստանին սպառնում է ամբողջական և վերջնական կապիտուլյացիա», - ասվում է «Հայոց համազգային միասնություն» կուսակցության հայտարարությունում։