


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում կառավարել անվտանգության սպառնալիքները, "առավել ևս, որ տեսնում ենք խաղաղության մասին հայտարարությունների արանքում հնչում են հայտարարություններ, որոնք չեն բխում հաստատված խաղաղության տրամաբանությունից":
«Այդ հարցի պատասխանը դարձյալ լեգիտիմությունն է: Լեգիտիմությունը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29 743 քառ. կմ մակերեսով ինքնիշխան տարածքի վրա հիմնված քաղաքականության իրականացումն է:
Այս լեգիտիմությունը թույլ կտա մեզ հետեւյալը. առաջինը, ի տարբերություն նախորդ ժամանակների, մենք չենք ունենա որևէ տեսակի սահմանափակում աշխարհում որևէ գործընկերոջ հետ ռազմատեխնիկական համագործակցություն հաստատելու և համագործակցելու համար, ես նկատի ունեմ ըստ անհրաժեշտության զենք - զինամթերքի ձեռք բերում, ինչը, ըստ էության, տեղի է ունեցել այսօր», - ընդգծել է նա։
Նրա խոսքով, "իրական Հայաստանի" գաղափարախոսության շնորհիվ երկրներն աստիճանաբար վերացնում են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ոլորտում Հայաստանի հետ համագործակցության սահմանափակումները:
Վարչապետն ընդգծել է, որ այդ ամենը պահանջվում է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար:
«Հետևաբար, լեգիտիմությունն այն առանցքային գործոնն է, որը երկարաժամկետ հեռանկարում պետք է ապահովի մեր անվտանգությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Այդ լեգիտիմության հիման վրա մենք կարող ենք զարգացնել մեր բանակը, ձեռք բերել սպառազինություն, ռազմական տեխնիկա, բարեփոխումներ իրականացնել միջազգային գործընկերների հետ համատեղ, ինչն էլ անում ենք", - եզրափակել է Փաշինյանը։



