
Արմինֆո. Երբ Բաքուն պետական ֆինանսավորմամբ կազմակերպում է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով քննարկումներ, հրատարակում գրքեր, քարտեզներ ու վավերագրական ֆիլմեր՝ Հայաստանի տարածքը «պատմական ադրբեջանական հող» ներկայացնելու համար, Երևանում իշխանությունները զբաղված են հացահատիկի մասին ֆեյսբուքյան գրառումներով՝ որպես «խաղաղության հաղթանակ»։ Այդ մասին հայտարարել է քաղաքական գործիչ, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
«Մինչ Ադրբեջանը պետական մակարդակով հաստատում է ծրագիր՝ դեպի Հայաստան «ադրբեջանցիների վերադարձի» համար, Հայաստանի իշխանությունները փորձում են համոզել, որ եթե խաղաղության պայմանագրին կասկածում ես՝ ուրեմն պատերազմ ես ուզում։ Արդյունքում, խաղաղության մասին խոսողներն իրենք են դարձել պատերազմի իրական հովանավորները՝ լռությամբ ու անգործությամբ։
Այսօր Ադրբեջանը պետական բյուջեից ֆինանսավորում է 51 նախագիծ՝ նվիրված «Արևմտյան Ադրբեջանի վերադարձին», կազմակերպում է միջազգային համաժողովներ Մարոկկոյում ու Բրյուսելում, հրապարակում քարտեզներ, որտեղ Սևանը կոչվում է Գյոյչա, իսկ Զանգեզուրը՝ միջանցք։ Այս ամենը քաղաքական ծրագրավորված քարոզչություն է, որի նպատակը մեկն է՝ փորձ անել ապացուցել, որ Հայաստանը պարզապես «ժամանակավոր գոյություն ունեցող տարածք» է։
Եվ հենց այս պահին, երբ Բաքուն քայլ առ քայլ կառուցում է իր պատմական ռևանշը, Հայաստանի իշխանությունները շարունակում են խաղաղություն քարոզել՝ ոչ թե արժանապատվության, այլ հնազանդության լեզվով։ Նրանք վախենում են անգամ արձագանքել՝ վախենում են խանգարել այն «բարիդրացիությանը», որի գինը կարող է լինել պետության գոյությունը։
Սա արդեն դիվանագիտական կաշկանդվածություն չէ։ Սա ազգային ինքնավերծանման մակարդակի վախ է։ Երբ իշխանությունն իր երկրի տարածքային հավակնությունների մասին լռում է, դա արդեն քաղաքական հաշվարկ չէ, դա բարոյական կապիտուլյացիա է։
Խաղաղություն՝ այո։ Բայց ոչ այն խաղաղությունը, որը ստորագրվում է ստորացմամբ, ոչ այն խաղաղությունը, որի դիմաց պահանջում են մեր սահմանադրությունը, և ոչ այն խաղաղությունը, որը կբերի ադրբեջանցիների՝ կործանարար բնակության իրավունքով վերադարձին Հայաստան։
Խաղաղությունը պետք է ունենա հենարան՝ ազգ, արժանապատվություն և պետականություն։ Առանց դրանց՝ դա այլևս խաղաղություն չէ։ Դա պարզապես ստորաքարշ գոյության կամ, առհասարակ, չգոյության բերող գիտակցված պարտություն է, որը փորձում են ներկայացնել որպես ապագա», - գրել է Դավիթ Անանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ելույթ ունենալով Գիտությունների ակադեմիայում, գիտնականներին հանձնարարել է "հիմնավորել վերադարձի իրավունքը", հայտարարելով, որ դրա համար եկել է "ամենահարմար" պահը, քանի դեռ Ադրբեջանը գտնվում է իր ուժի գագաթնակետին: Բաքվի առաջնորդը, իրեն բնորոշ կերպով «մեկնաբանելով» պատմությունը, կրկին հայտարարել է, թե, իբր, հայերը Ցարական Ռուսաստանի կողմից Ղարաբաղ են տեղափոխվել Իրանից և Անատոլիայից, իսկ Հայաստանի տեղանունների մեծ մասը, ներառյալ Սևանա լիճը (որը նա անվանել է «Գյոյչա»), ունեն «ադրբեջանական ծագում», և որ դա հաստատում են «Ռուսական կայսրության քարտեզները»։ Խոսելով "ադրբեջանցիների վերադարձի" մասին' Ալիեւը կրկնել է իր թեզը, թե դա չպետք է վախեցնի Հայաստանին, քանի որ այն պետք է տեղի ունենա "ավտոմեքենաներով, այլ ոչ թե տանկերով", սակայն ընդգծել է, որ այդ գաղափարի իրականացման հիմնական պատասխանատվությունը ընկնում է պետության վրա: Ադրբեջանի նախագահն ուղղակիորեն կոչ է արել ակադեմիական շրջանակներին ակտիվացնել աշխատանքը, որպեսզի "միջազգային հանրության համար" ադրբեջանցիների վերադարձը Հայաստան լիովին տրամաբանական և արդար հնչի": Այդ պատումն արդեն երկար տարիներ առաջ է մղում Բաքուն "Արևմտյան Ադրբեջանի համայնք" (նախկինում ՝ "Փախստականների միություն") կազմակերպության միջոցով, որը 2022 թվականից զբաղվում է Հայաստանի Հանրապետության տարածք "վերադարձի" օրակարգի առաջմղմամբ։
Իսկ Երեւանը, ԶԼՄ-ների խնդրանքով մի քանի անգամ մեկնաբանելով այդ հայտարարությունները, վարչապետի մակարդակով միայն հայտարարել է, որ քարտեզի վրա, որին հղում է արվում, Հայաստանի տեղում գրված է "Հայաստան", իսկ Ադրբեջան, ընդհանրապես, չկա։ Դրա հետ մեկտեղ, վարչապետ, Նիկոլ Փաշինյանը ներքին կապ է տեսել Ադրբեջանում հայկական Վարդենիսի մասին՝ որպես "Բասարգեչար" և Հայաստանում Արցախի մասին հայտարարությունների միջև։