


Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Խալեդ էլ-Էնանիին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
"Ջերմորեն շնորհավորում եմ Խալեդ էլ Էնանիին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ նրան ամենայն հաջողություն այդ պատասխանատու առաքելությունում: Հայաստանը լիովին աջակցում է մարդուն ՅՈՒՆԵՍԿՕ - ի գործունեության կենտրոնում դնելուն ուղղված նրա մոտեցմանը եւ ակնկալում է արդյունավետ համագործակցություն կազմակերպության մանդատի բոլոր բնագավառներում", - գրել Է նախարարը X-ի իր միկրոբլոգում:
Մեկ այլ գրառման մեջ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախորդ գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ արդյունավետ համագործակցության համար: "Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Օդրի Ազուլեին՝ իր պաշտոնավարման ընթացքում նրա անձնուրաց ղեկավարման համար։ Հայաստանը բարձր է գնահատում Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ - ի միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված նրա ջանքերը և իր լիազորությունների ընթացքում Հայաստանին ցուցաբերված շարունակական աջակցությունը, հատկապես, հրատապ մարտահրավերների հաղթահարման գործում", - գրել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսը կազմակերպության գլխավոր տնօրեն է ընտրել Խալեդ էլ Էնանիին (Եգիպտոս): Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել կոնֆերանսի 172 մասնակիցներ՝ 174-ից ։ Խալեդ էլ Էնանին կփոխարինի Օդրե Ազուլեին, ով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի նոյեմբերից:



