


Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 6-ին ճեպազրույցում ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ է արել ուշադրություն դարձնել այս կամ այն հայտարարությունների կամ երևույթների ստուգմանը:
Մասնավորապես, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն պնդմանը, թե Ցարական Ռուսաստանի քարտեզներում չկա Սևան անվանման մասին հիշատակում, այլ կա Գյոյչա, վարչապետը նշել է, որ հայ լրագրողներից ոչ ոք անգամ չի փորձել պարզել՝ այդ քարտեզը կա, թե՝ ոչ ։ Փաշինյանն ընդգծելլ է, որ իր վերջին ելույթում Ալիևը չի ասել, թե չկա Սևան, այլ կա Գյոյչա, նա հայտարարել է, որ ցարական Ռուսաստանի քարտեզներով չկա Սևան, այլ կա Գյոյչա: "Քարտեզի վրա, որին հղում է արվում, Հայաստանի տեղում գրված է "Հայաստան", իսկ Ադրբեջան, ընդհանրապես, չկա։ Եվ ինչպե՞ս մեկնաբանել դա: Եվ ո՞վ է ասել, որ դրանք ադրբեջանական անվանումներ են ։ Դրանք թուրքական են, արաբական, պարսկական, մոնղոլական, ռուսական։ Բայց դա ի՞նչ է փոխում: Ոչինչ", - նշել է վարչապետը, հավելելով, որ այդ քարտեզի հրապարակման դեպքում, եթե այն անբարենպաստ լինի Հայաստանի համար, ապա կարող է կրկնակի անբարենպաստ լինել Ադրբեջանի համար։
Փաշինյանը դա համարել է անօգուտ զբաղմունք, քանի որ, եթե առաջնորդվենք ավելի վաղ դարաշրջանների քարտեզներով, ապա կարող է պարզվել, որ չկա ոչ Հայաստանի Հանրապետություն, ոչ էլ Ադրբեջանի Հանրապետություն: Այդ թեման, նրա ասելով, առավել ևս անօգուտ է թվում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին։ Վարչապետը դա կրկին անիմաստ թեմա է անվանել, հատկապես, 2025 թվականի օգոստոսի 8-ի պայմանավորվածություններից հետո։



