


Արմինֆո. ՀՀ կառավարությունը նոյեմբերի 6-ի հերթական նիստում հավանություն է տվել 2025 թվականի սեպտեմբերի 29-ին Մինսկում ստորագրված "Մորեխ վնասատուների զարգացման կանխարգելմանն ուղղված ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին" համաձայնագրի ստորագրմանը:
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, համաձայնագիրը նպատակաուղղված է մորեխների բուսասանիտարական մոնիթորինգի և բույսերի պաշտպանության օրենսդրական դաշտի բարելավմանը, ազգային մոնիթորինգի ծրագրերի թվայնացմանը, մորեխների բուսասանիտարական մոնիթորինգի և բույսերի պաշտպանության վերաբերյալ տվյալների փոխանակմանը և վնասատուների բռնկման դեպքում մասնակից պետությունների միջև արագ իրազեկման համակարգերի ներդրմանը։
Համաձայնագրի հիմնական նպատակը բույսերի առավել վտանգավոր վնասատու հանդիսացող մորեխների կողմից հասցվող վնասի չափի և ռիսկերի նվազեցումն է և մասնակից պետությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացումը։
Համաձայնագիրը նաև նպատակ ունի ընդլայնելու նշված ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների կազմակերպությունների տեղեկատվական համակարգը, իրականացնել ազգային կանխատեսումներ, կադրերի պատրաստման և մասնագիտական վերապատրաստման ուղղությամբ աշխատանքներ։
Համաձայնագրի հիմնական խնդիրներն են՝
- կանխարգելել ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներում առավել վտանգավոր վնասատու հանդիսացող մորեխների զանգվածային տարածումը,
-նվազեցնել գյուղատնտեսական մշակաբույսերի բերքին հասցվող վնասը,
-ապահովել իրավապայմանագրային հենք բույսերի մոնիթորինգի և պայքարի աշխատանքների ուղղությամբ համաձայնեցված համատեղ գործողությունների համար,
-մշակել և կիրառել բուսասանիտարական մոնիթորինգի իրականացման համատեղ մեթոդներ և իրազեկման համակարգեր:



