
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են անցյալ տարի մեկնարկած վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում արձանագրված հաջողությունները, որի արդյունքում ՀՀ կառավարությանն է փոխանցվում Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը:
Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ապահովելու գործողությունների ծրագրի ամբողջական և արդյունավետ իրականացումը և ներկայացրել է այս պահին երկրում արդեն իսկ իրականացված և առաջիկայում նախատեսված բարեփոխումները:
ԵՀ միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալը ողջունել է ՀՀ կառավարության ջանքերը և ընդգծել, որ Հայաստանը ամենաարագն է անցել այս ճանապարհը:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, երկկողմ հանդիպումից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ կայացել է ԵՀ միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների կողմից Վիզաների ազատականացման գործողության ծրագրի պաշտոնական փոխանցումը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին՝ որպես երկրի գլխավոր բանակցող:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը տրվել էր 2024 թվականի դեկտեմբերին ։ Բարեփոխումների հիմնական ուղղություններից են փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների և միգրացիայի կառավարումը, շարժունակության և ապաստանի տրամադրման քաղաքականությունը, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև քաղաքացիների հիմնական իրավունքների պաշտպանությունը: Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներն այն ժամանակ նշում էին, որ գործընթացը վերջնաժամկետ չունի բանակցություններն ավարտելու համար: