


Արմինֆո. Հայաստանում կառավարող ռեժիմը Սասնա ծռերի ընտանիքներին սպառնում է գույքի բռնագանձմամբ։ Այդ մասին ասվում է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի տարածած հայտարարությունում։
«Սիրելի հայրենակիցներ, «Սասնա Ծռեր» ապստամբական խմբի դեմ տարիներ շարունակ իրականացվող հալածանքները, ցավոք, շարունակվում են՝ ստանալով նոր ու ավելի վտանգավոր դրսևորումներ։
Դատական վճռով որոշվել է ապստամբներից հօգուտ ՀՀ ներքին գործերի նախարարության բռնագանձել 4.064.380 ՀՀ դրամ՝ իբր թե ապստամբական գործողությունների ընթացքում պատճառված նյութական վնասի փոխհատուցման նպատակով։
Գործող կոլաբորացիոն կառավարությունը, ներկայանալով նախորդ ռեժիմի ժառանգորդ և արհամարհելով այն արդարացման կոչերը, որոնք երբևէ հնչեցրել էր Նիկոլ Փաշինյանը ապստամբության օրերին, այսօր ոստիկանության և դատարանների միջոցով շարունակում է հալածել մեր տղաներին։
Գումարը չվճարելու դեպքում տղաների ընտանիքներին սպառնում է հարկադիր գույքի բռնագանձում, ներառյալ՝ կալանքի տակ գտնվող բնակելի տների առգրավում։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդը կդիմի մեր ժողովրդին` անհրաժեշտ գումարը հավաքելու և ապստամբների ընտանիքների նկատմամբ գործող ռեժիմի կողմից նոր հալածանքները կանխարգելելու համար», - ասվում է հայտարարությունում:



