
Արմինֆո. Մինչ Հայաստանի իշխանությունները խոսում են Ադրբեջանի հետ խաղաղության մասին, նախագահ Իլհամ Ալիևը տարածքային նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ ի պատասխան "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունների, թե, իբր, Երևանի և Բաքվի միջև խաղաղությունն արդեն իրականություն է։
«Ի՞նչ է նշանակում համաձայնություն տալ փաստաթղթի, որտեղ չկա գեթ մեկ կետ, որը կսահմանափակի Ադրբեջանի պահանջները, գործողությունները կամ հայտարարությունները։
Օգոստոսի 8-ին Ադրբեջանի հետ համաձայնագրի նախաստորագրումից հետո իշխող ուժը շտապեց հայտարարել, թե խաղաղությունն արդեն իրականություն է։
Մենք բազմիցս հիմնավոր կերպով ցույց ենք տվել, որ այդ համաձայանագրով՝
- Ադրբեջանը չի ճանաչել ՀՀ տարածքը հստակ սահմաններով,
- որևէ կերպ չի զսպվում ադրբեջանական նոր պահանջները Հայաստանի նկատմամբ,
- չամրագրելով արցախահայության վերադարձի իրավունքը՝ Բաքուն չի հրաժարվել ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ծրագրերից։
Փաստաթղթի նախաստորագրումից անմիջապես հետո Ալիևը Սյունիքով անցնող ճանապարհը անվանեց «միջանցք», հայ հասարակությանը՝ «հիվանդ», իսկ այսօր բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ նոր տարածքային պահանջների մասին։
Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունը ոչ միայն չի արձագանքում, այլև իր քայլերով փաստացի ուժեղացնում է Ալիևի դիրքերը՝ հասարակությանը ճշմարտությունը ներկայացնողներին պիտակավորելով «ռևանշիստ», հայտարարելով, թե Հայաստանի վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ կան, ակտիվացնելով Սահմանադրության փոփոխության գործընթացը, կրճատելով զինված ուժերի ֆինանսավորումը և զինվորական ծառայության ժամկետը։
Այսպիսով, շատ կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի Փաշինյանն ու Ալիևը սեփական ձեռքով պայթեցնեն այն մեծ փուչիկը, որը ամիսներ շարունակ միասին փչում էին՝ ժողովրդին համոզելու, թե խաղաղություն է հաստատվել։
Ալիևի այսօրվա հայտարարությունը դարձել է ամենաառարկայական ապացույց ընդդիմության նախազգուշացումների ճշմարտացիության։
Ինչ վերաբերում է օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրումը ողջունած պետություններին, ակնկալում ենք բոլորից՝ անհապաղ և հրապարակային ձևով դատապարտել Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջները։ Հակառակ դեպքում ձեր ողջույնները դառնում են ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստումը ողջունելու գործողություն։ Խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կա արժանապատիվ պետություն, որը չի վախենում պաշտպանել սեփական հողը և իր քաղաքացիներին», - գրել է ընդդիմադիրը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացել է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հռչակագիր ՝ ուղղված Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորմանը:
Սակայն նոյեմբերի 3-ին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան "չպետք է վախեցնի հայ ժողովրդին և հայկական պետությանը": Ընդ որում, Ալիևը ոչ մի խոսք չի ասել հայերի Ադրբեջան վերադառնալու նույն հնարավորության մասին։ Ավելին, Ալիևը հերթական անգամ հայտարարել է Հայաստանի ինքնիշխան և պատմական տարածքները Ադրբեջանին պատկանելու մասին։ Նրա խոսքով ՝ չկա Սևանա լիճ, կա "Գյոյչա լիճ" ։