


Արմինֆո. Երեք տարեկան Տիգրան Հովհաննեսովին, ում մի քանի օր փնտրում էին փրկարարներն ու կամավորները, խեղդամահ է արել սեփական հայրը ։ Այդ մասին նոյեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովներում հաղորդել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
Նրա ասելով՝ դեպքի օրը տղան և նրա ավագ եղբայրը դուրս են եկել տնից և բակում բախվել հոր հետ, ըստ ամենայնի, կոնֆլիկտ է տեղի ունեցել: Արդյունքում՝ կասկածյալը խեղդամահ է արել կրտսեր որդուն։ Նախարարն ընդգծել է, որ Տիգրանի 5-ամյա եղբայրը առողջական խնդիրներ ունի և չի կարող լիարժեք ցուցմունք տալ: Սակայն մասնագետներն ուսումնասիրել են նրա արձագանքները, որոնք օգնել են հետաքննությանը վերականգնել իրադարձությունների հաջորդականությունը։
Սարգսյանը նաև ընդգծել է, որ հայրն ավելի վաղ նշել էր ընտանեկան կոնֆլիկտների մասին։ Քննությամբ պարզվել է, որ տղամարդը, փորձելով թաքցնել հանցագործության հետքերը, մի քանի անգամ տեղափոխել է երեխայի դին։
Հիշեցնենք, որ Ծափաթաղ գյուղից 3-ամյա Տիգրան Հովհաննեսովի դին հայտնաբերել էին նոյեմբերի 2-ին գյուղին հարակից դաշտում: Նշանակվել են փորձաքննություններ, ընթանում քննություն: Երեխայի որոնողական աշխատանքները ոստիկանության ուժերի, փրկարարների և կամավորների մասնակցությամբ իրականացվել են հոկտեմբերի 27-ից: Տղան անհետացել էր դրանից մեկ օր առաջ: Քննչական կոմիտեն նրա անհետացման առնչությամբ քրեական գործ է հարուցել սպանության հոդվածով։



