
Արմինֆո. Հայաստանի իրավապահ մարմինները ցանկանում են կալանավորել Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորը և եղբորորդուն։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Նրա ասելով՝ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, իր որդիների հետ, իբրև, խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը:
«Այսօր քննչական մարմինը 68 ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացրել:
Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ:
Իրականում չկա նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք:
Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել Հանրապետություն կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:
Այս բոլորը տեսագրված է: Դուք կարող եք ինքներդ տեսնել, որ տեսանյութում որևէ կոնֆլիկտ չկա: Այս հանդիպումը եղել է Ներսիսյանների տան դիմաց, ավելի վաղ, քան Հանրապետություն կուսակցության նախընտրական հանդիպումը:
Հարգելի քննիչներ եղբայրաբար հորդորում եմ մի թույլ տվեք ոչնչացնել ձեր կառույցի հեղինակությունը և տարիների ձեռքբերումները: Չի կարելի նման սուտ մատնություններով մարդկանց հասցնել կալանքի: Այս ամեն ինչը ժամանակավոր է:
Լրացում: ժամը 10:36: Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (դատավոր Արտակ Բաբախանյան) 68 ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար: Նիստը որոշ ժամանակ անց կսկսվի: Քննչական մարմինը և դատախազությունն իր որոշումը կայացրել է և գնացել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ճանապարհով: Հաշվի չեն առել Ներսիսյանների ցուցմունքները և տեսագրությունը: Եթե այս ստանդարտն է գործելու, ապա պատկերացրեք օրինակ մեկ անձ հաղորդում տա և ասի, որ քննիչը կամ դատախազը կամ դատավորը իրենից կաշառք է պահանջել: Ի՞նչ եք անելու այս ժամանակ», - գրել է փաստաբանը: