


Արմինֆո. Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող երկաթգիծը կարելի է վերականգնել երկու տարում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, որը օկուպացված Կովսականում է՝ դիվանագիտական կորպուսի հետ միասին։
"Ճանապարհի երկարությունը 44 կմ է։ Երկաթուղային շինարարության ոլորտի ռուսաստանցի մասնագետները ոտքով են անցել այդ ճանապարհը։ Ճանապարհը կարելի է վերականգնել մոտ երկու տարում, քանի որ թունելները չեն քանդվել, պահանջվում է միայն երկաթուղային համալիրի վերականգնում", - ըստ APA-ի՝ասել է Եվդոկիմովը:
Ընդ որում, նա նշել է, որ այնքան էլ կարեւոր չէ, թե ում կողմից եւ ինչպես կվերականգնվի ճանապարհը։ "Այդ ճանապարհը ոչ միայն կամրապնդի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները, այլև պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացման համար։ Կարևորն այն է, որ ճանապարհի վերականգնումը հնարավորինս շուտ ավարտվի", - նշել է Ռուսաստանի դեսպանը։



