


Արմինֆո. Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավորները դեմ են քվեարկել Արցախից բռնի տեղահանված բնակչության վերադարձի իրավունքի իրացում պահանջող բանաձևին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ինչպես պարզաբանել է ընդդիմադիրը, Երևանում անցկացվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ՔՊ-ական պատգամավորները դեմ են քվեարկել իր, Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի և Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների հեղինակած առաջարկությանը (որպես ներկայացված զեկույցի փոփոխության առաջարկ), որով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնօրրան:
«Տարբեր խմբակցությունների մեր եվրոպացի գործընկերների փոխանցմամբ, ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին մեր փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել», - ուշադրություն է հրավիրել Խաչատրյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 28-30-ը Երեւանում անցկացվում է "Եվրանեսթ" խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը, ինչպես նաեւ բյուրոյի եւ կոմիտեների նիստերը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը "հակաահաբեկչական գործողության" պատրվակով հերթական ագրեսիան ձեռնարկեց Արցախի նկատմամբ ։ Դրան նախորդել էր չճանաչված հանրապետության գրեթե 10-ամսյա շրջափակումը ։ 2020 թվականի աշնանը սկսված թշնամական ագրեսիայից հետո, որը 2023 թվականի սեպտեմբերին ավարտվեց Արցախի ամբողջական էթնիկ զտմամբ, ավելի քան 150 հազար արցախցիներ զրկվեցին հայրենիքից և դարձան փախստական ։



