
Արմինֆո.Հայաստանը Կիպրոսում ՀՀ դեսպանությանը կից ստեղծում է ռազմական կցորդի հաստիք։ Որոշումը հավանության է արժանացել հոկտեմբերի 30-ին ՀՀ կառավարության հերթական նիստում:
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, Հայաստանի և Կիպրոսի միջև առկա են բարեկամական և փոխըմբռնման հարաբերություններ, և երկու երկրների միջև համագործակցությունը իրականացվում է հիմնականում Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափով: Այդուհանդերձ, երկու երկրները պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում հարաբերությունների հետագա զարգացման զգալի ներուժ և հեռանկարներ ունեն: Ուստի, երկու երկրների միջև ձևավորված բարեկամական և հարգալից հարաբերությունները ամուր հենք են հանդիսանում հայ-կիպրական համագործակցության ընդլայնման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, և ռազմական ոլորտում առկա համագործակցության մեծ ներուժը և կիպրական կողմի՝ փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ է պայմանավորված Կիպրոսի Հանրապետությունում ունենալ Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ:
«Ռազմական կցորդի առկայությունը Կիպրոսում կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման, նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը: Ռազմական կցորդի առկայությունը կապահովի պաշտպանության ոլորտում հարաբերությունների բարձրացմանը գործընկերության ավելի բարձր մակարդակի:
Կիպրոսում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Հունաստանի Հանրապետությունում ՀՀ ռազմական կցորդի կողմից:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իր լիազորությունների սահմաններում կազմակերպում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև համագործակցությունը ռազմական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական բնագավառում: Կիպրոսում հավատարմագրված ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ: Ռազմական կցորդը, հյուրընկալ պետության զինված ուժերի հրամանատարության հետ հաստատելով պաշտոնական հարաբերություններ, տեղի ռազմական գերատեսչության հրավերով կապահովի զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական ներկայացվածությունը, ինչպես նաև կայցելի ռազմաուսումնական հաստատություններ, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ և այլն:
ՀՀ պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն կարող է իրականացնել դիտորդական գործառույթներ», - ասվում է որոշման հիմնավորման մեջ: