


Արմինֆո.2026 թվականին խորհրդարանական ընտրությունների անցկացմանը Հայաստանի պետական բյուջեից կուղղվի 4,451 մլրդ դրամ։ Այդ մասին հոկտեմբերի 29-ին ԱԺ հանձնաժողովների նիստում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նրա խոսքով ՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկվում է հատկացնել 7 միլիարդ 513 միլիոն 72 հազար դրամ: Այդ միջոցներից 485 միլիոն դրամը կուղղվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ապահովմանը և ընտրական ծրագրերի համակարգման, կազմակերպման, անցկացման, մոնիթորինգի ծառայությունների իրականացմանը: Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական պատրաստության կազմակերպման համար հատկացումների նախագիծը կկազմի 58 միլիոն 851 հազար դրամ: ՏԻՄ ընտրությունների կազմակերպման համար հատկացումները կգերազանցեն 2 միլիարդ 517 միլիոն դրամը։



