


Արմինֆո. Հոկտեմբերի 28-ին շարունակվել է Բաքվում ապօրինի ձերբակալված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով բեմականացված դատական նիստը, որի ընթացքում վերջինիս տրամադրվել է թարգմանիչ։ Այդ մասին հաղորդում է Բաքվի APA գործակալությունը:
Նախագահող դատավորը նշել է, որ նախորդ դատական նիստին Վարդանյանը փաստաբանից հրաժարվելու միջնորդություն էր ներկայացրել՝ դժգոհություն հայտնելով դատավարության ընթացքից: Դատարանի որոշման համաձայն, փաստաբան Աբրահամ Բերմանից հրաժարվելու Վարդանյանի միջնորդությունը բավարարվել է, և նոր փաստաբան նշանակելու միջնորդություն է ուղարկվել Ադրբեջանի փաստաբանների կոլեգիա: Դատավորը նշել է, որ Վարդանյանի նոր փաստաբանը կլինի փաստաբանների կոլեգիայի անդամ Էմիլ Բաբիշովը:
Հիշեցնենք, որ Վարդանյանն ու Արցախի նախկին ու գործող ևս 7 պաշտոնյաներ 2023 թվականի սեպտեմբերի վերջից գտնվում են ադրբեջանական գերության մեջ՝ ի խախտումն միջազգային իրավունքի բոլոր նորմերի։ Միջազգային հանրությունն անտեսում է Արցախի պաշտոնյաների ՝ ադրբեջանական գերության մեջ գտնվելու փաստը ։



