
Արմինֆո. Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և թանգարան-ինստիտուտում իրականացվող հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են բնականոն հունով։ Աշխատանքների առաջընթացին և կատարման որակին ծանոթանալու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիրի տարածք։ Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:
ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, կապալառու կազմակերպության պատասխանատուները նախարարին են ներկայացրել կատարված աշխատանքների ընթացքը՝ մանրամասնելով, որ թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման համակարգերի վերանորոգման և ամրակայման աշխատանքները մոտենում են ավարտին, ինչի արդյունքում կլուծվի անձրևաջրերի ներհոսքի խնդիրը: Զուգահեռ` ըստ նախատեսված գրաֆիկի՝ ընթանում են հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատման և բարեկարգման աշխատանքները։
Ներկայացվել են նաև «Հայոց ցեղասպանության» հուշարձանի մույթերի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել որակի բարձր չափանիշներն ու աշխատանքների կատարման ժամկետները։
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ ճարտարապետների պալատի անդամները բաց նամակ էին հղել ԿԳՄՍՆ, որով պահանջել էին հուշահամալիրի գիտական համալիր ուսումնասիրություն իրականացնել, այդ թվում ՝ ֆոտոմետրիկ, ուլտրաձայնային, նյութագիտական, երկրաբանական, երկրաֆիզիկական և այլն, ինչպես նաև առկա ջրամեկուսացման և ջրահեռացման նախագծերը գնահատել որպես ոչ լիարժեք ՝ նոր մասնագիտական խմբի կողմից անհապաղ նոր լուծումներ մշակելու նպատակով: Հայտարարության մեջ ասվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերականգնման նոր նախագիծ պատվիրելու անհրաժեշտության մասին, որը ներառի արդեն վնասված երեք կոթողների վերականգնման լուծումներ, ինչպես նաև ինը պահպանված պատմական կոթողների պահպանման առանձին նախագիծ:
Փաստաթղթում, որի ներքո ստորագրել են 172 ճարտարապետներ, ասվում է, որ ընթացիկ աշխատանքներն իրականացվում են սխալ ճարտարապետաինժեներական նախագծային լուծումներով, ինչի արդյունքում խախտվում է հուշարձանի ինժեներակառուցվածքային կայունությունը և կորում է հեղինակային դիմագիծն ու արտահայտչականությունը: