
Արմինֆո. Անիմացիոն կինոյի և գրաֆիկական արվեստի REAnimania միջազգային փառատոնը (REA) հնարավորություններ է բացում Հայաստանի անիմացիոն արվեստի սկսնակ տաղանդների համար: 17-րդ REA-ի փակման արարողության ժամանակ դրա հիմնադիր և գաղափարական ոգեշնչող Վրեժ Քասունին տեղեկացրել է, որ փառատոնի շրջանակներում ստեղծված CoReAct համարտադրության հարթակը խորացրել է համագործակցությունը Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի (ANNECY) հետ:
Այդ համագործակցության արդյունքում CoReAct -ի շրջանակներում ոլորտի մասնագետների կողմից ընտրված լավագույն նախագծերը կներկայացվեն ANNECY -ի շրջանակներում անցկացվող MIFA անիմացիոն ֆիլմերի միջազգային շուկայում:
Քասունին պատմել է, որ անցյալ տարի REAnimania-ն հյուրընկալել էր MIFA-ի տնօրեն Վերոնիկ Էնկրենազին , ով իր հիացմունքն է հայտնել CoReAct հարթակի վերաբերյալ, հարցնելով, թե ինչու հայկական նախագծերը ներկայացված չեն միջազգային շուկայում: "Հիմա մենք նման հնարավորություն ունենք ։ Այս տարվա հաղթողները 2026 թվականին հավատարմագրվելու են MIFA-ում, ունենալու են փիչինգի և իրենց նոր նախագծերը ներկայացնելու հնարավորություն: Դա մեզ համար մեծ պատիվ է", - ասել է փառատոնի հիմնադիրը։ Նշենք, որ փառատոնի փակման արարողության ժամանակ Քասունին հայտարարել է CoReAct-ի հաղթողներին:
Առաջին պատվավոր տեղը կիսել են Աննա Մնացականյանի "Համեղ արցունքներ" և Մերի Դանիելյանի "Մանրուքներ" երկու նախագծերը: Նկարիչները կստանան 800 հազարական դրամ դրամական պարգևատրում: Երրորդ տեղում Ելենա Ներսեսյանի «Արարում» նախագիծն է (շնորհվել է 400 հազար դրամ մրցանակ): Ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Սոֆի Միրզոյանի "Գայլը սենյակում" նախագիծը: Ֆինանսական աջակցությունը տրամադրվել է "Հայաստան" համահայկական հիմնադրամի կողմից, հարթակին աջակցել են նաև Գյոթեի ինստիտուտը, ԵՄ-ը և Եվրոպական միության երկրների մշակույթի ազգային ինստիտուտների ցանցը՝ EUNIC-ը: CoReAct -ի նպատակն է անիմացիոն նախագծերի հեղինակներին հնարավորություն ընձեռել իրենց աշխատանքները ներկայացնել միջազգային պրոդյուսերներին, կապեր հաստատել, գտնել համարտադրության, ֆինանսավորման հնարավորություններ:
Նշենք, որ ANNECY-ի MIFA-ն անիմացիոն ֆիլմերի միջազգային շուկա է (Marche international du film d ' animation), որն աշխարհում ամենամեծ իրադարձությունն է անիմացիայի ոլորտի մասնագետների համար ։ Այն անցկացվում է ամեն տարի Annecy International Animation Film Festival-ի շրջանակներում՝ Ֆրանսիայի Անսի քաղաքում։ MIFA - ն ծառայում է որպես անիմացիոն բովանդակության ցուցադրման, խթանման և վաճառքի, ինչպես նաև բիզնես հանդիպումների և գործընկերների որոնման հարթակ: