


Արմինֆո. Այսօրվանից Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ բեռնատարների տարանցումը։ Այդ մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ։
«Առաջին անգամ Հայաստանը հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը քննարկում է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման պայմաններում:
Արդեն մեկ տարի 8 ամիս է հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների հետևանքով ոչ մի զինվոր չի զոհվել և չի վիրավորվել: Նման բան չի եղել անկախ Հայաստանի պատմության մեջ», - ասել է նա։
Նա նույնպիսի պատմական երևույթ է համարել դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու մասին Բաքվի որոշումը։ Ներկայումս ընթացքի մեջ է ղազախական հացահատիկի առաջին խմբաքանակի ներմուծումը Հայաստան՝ Ակտաու-Բաքու երկաթուղով, այնուհետև՝ Ադրբեջան-Վրաստան երկաթուղով: Վարչապետի կարծիքով՝ դա նաև խոսում է այն մասին, որ խաղաղությունն արդեն հաստատվել է։
"Սա նշանակում է Հայաստանի շրջափակման հաղթահարման առաջին փուլ, բայց կարևոր է, որպեսզի մենք էլ արձագանքենք այդ հայտարարություններին և համապատասխան քայլեր ձեռնարկենք։ Մենք պատրաստ ենք այսօրվանից ապահովել Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ բեռնատար մեքենաների տարանցումը՝ Մարգարա - Եղեգնաձոր - Սիսիան - Գորիս ճանապարհով", - ասել է Փաշինյանը, հավելելով, որ այս պահին դա միակ տարբերակն է, որը հայկական կողմը կարող է իրականացնել։
«Գորիս և Կոռնիձոր տանող մեր ճանապարհները գտնվում են լավ վիճակում։ Կոռնիձորում նաև կա որոշակի ենթակառուցվածք, որը կարող է սպասարկել նաև հակառակ ուղղությամբ», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։



